ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+16 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+18 °C
Կալանավորված նախկին ռազմագերին հրատապ բժշկական միջամտության կարիք ունի, առկա է անդամահատման վտանգ
21:24, 20.01.2022 | mamul.am
2203 | 0

Նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և նոյեմբերի 26-ին հայրենադարձված, ապա՝ օրեր անց կալանավորված ենթասպա Արեն Արամյանի ոտքը, հնարավոր է, ամպուտացնելու անհրաժեշտություն լինի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ գերեվարվելուց հետո Արամյանին Գանձակից Բաքվի հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով՝ վիրահատության, քանի որ վիճակը ծանր է եղել, իսկ նոյեմբերի 26-ին հայրենադարձվելուց հետո Արամյանը տեղափոխվել է Մուրացանի հիվանդանոց, որտեղ 10 օր բուժօգնություն է ստացել, ապա՝ կալանավորվել ՀՀ իրավապահների կողմից։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում Արամյանը հարցաքննվել է՝ որպես տուժող։ Դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, ապա՝ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել և կալանավորման միջնորդություն ներկայացրել, ինչը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է։ Արեն Արամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից մերժվել է։ Տարեմուտին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին, ինչը ևս բավարարվել է՝ դեկտեմբերի 30-ին։

Փաստաբան Արա Կարապետյանը աղբյուրի հետ զրույցում հայտնեց, որ օրերս նախաքննության ավարտ է հայտարարվել, կողմերին տրամադրվել են 6 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը և հինգ օր ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար։ Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով Արամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին և, նկատի ունենալով Արամյանի ընտանիքի սոցիալական պայմանները, գրավի չափ է առաջարկել 500.000 ՀՀ դրամը։ Մասնավորապես, նախաքննության ավարտ է հայտարարվել, հետևաբար, նախաքննության ընթացքում որպես կալանավորման հիմք մատնանշված՝ գործի քննության խոչընդոտման հավանականությունը էականորեն նվազում է կամ վերացվում։ Խափանման միջոցի փոփոխման հարցը բարձրացնելու հարցի համար հիմք է հանդիսացել նաև Արեն Արամյանի առողջական վիճակը։ Միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ։
Անդրադառնալով Արամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնել է, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, մի քանի հետազոտություններ են իրականացվել և, թեև այս պահին փաստաթղթային տեսքով չկա ախտորոշումը, բժիշկները հայտնել են, որ նյարդը, այսպես ասած. «մահանում» է և եթե կարճ ժամանակ անց որևէ միջամտություն չլինի՝ հնարավոր է նաև ոտքի թաթի ամպուտացիա արվի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր