ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 407.52, EUR 425.90, RUB 7.41, GBP 494.73
+18 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+31 °C
«Ադրբեջանցիները կգան իրենց ստացած տարածքներ, իսկ հայերը չեն գնա Արծվաշեն». Միքայել Նահապետյան
20:42, 15.05.2022 | mamul.am
3198 | 1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. ««Մենք այս պայմաններում մեծացնելու երեխա չունենք»
Հիմա համընդհանուր խուսափողականություն կա էն հարցից թե ինչո՞ւ է «անկլավների» թեման հայության մեջ սարսափներ առաջացնում, իսկ Ադրբեջանում` ոչ։ Դժվար թե ռացիոնալ մարդը մտածի, թե խնդիրը մակերեսների մեջ է, որ ադրբեջանցիների ուզածը փաստացի ավելի ընդարձակ տարածք է, քան Հայաստանի ստանալիքը։ Չէ, պարզապես չբարձրաձայնվող համոզմունք կա, որ ադրբեջանցիները կգան իրենց ստացած տարածքներ, իսկ հայերը չեն գնա Արծվաշեն ու, այդպիսով, Ադրբեջանը կստանա ամեն ինչ, իսկ Հայաստանը ոչինչ։
Որտեղի՞ց էդ համոզմունքը։ Դժվար թե դա պատմական հիշողության մեջ արմատներ չունենա, չէ՞։ Ունի, իհարկե ունի։ Եվ հեռու գնալու կարիք չկա` պետք է ընդամենը հարց տալ թե ինչպե՞ս դատարկվեց Նախիջևանը հայերից և ինչու՞ չդատարկվեց Արցախը նույն կերպ։
Նախիջևան, ի սկզբանե, ադրբեջանցիները գալիս էին, որպես չոբան։ Հոտը քաշած մի չոբան գալիս ու հաստատվում էր արոտներում ու 20 տարում բերում 10 տղա երեխա։ Մեծամասնության արխայինության մեջ փոքրամասնություն կազմող էդ ընտանիքը իր զավակներին դաստիարակում էր պաշարված ամրոցի կանոններով։ Հեռու գնալ էլի պետք չի` կարդացեք Վանոյի պատմվածքները ու կտեսնեք, թե էդ ի՞նչ դաստիարակություն էր ու ո՞նց էր 10 տարեկան լակոտը գոտկատեղից հանում խանչալը, երբ ամենասովորական լակոտական ծեծկռտուք էր սկսվում։ Էդպես լավ կազմակերպված, ապրելու բնազդը գլխում պահած ու արյունակցական եղբայրությամբ կապված 2-րդ սերնդի 10 ադրբեջանցին հայկական մի գյուղ էր քոչացնում, որովհետև, դե «ես այս պայմաններում երեխա չեմ մեծացնի», «ես էս գյուղում աղջկաս տանից դուրս չեմ թողնի» թեզերը նոր չեն մտել հայության կենսափիլիսոփայության մեջ։ Ու հայերը գրում էին նամակներ կենտրոնական կառավարությանը (էն ժամանակի միջազգային հանրությանը), նրանք էլ կարդում ու ասում էին՝ մի դռան շան պես յոլա գնացեք։
Ինչո՞ւ այդ մեթոդով չդատարկվեց Արցախը։ Կարո՞ղ է չոբան չկար, թե՞ կնիկն էր չբեր, թե՞ թումբանի թելն էր թույլ ու խանչալը կախել չէր լինում։ Չէ։ Ուղղակի ղարաբաղցիք երբ Նախիջևանի գլխին եկածը տեսան, հասկացան որ չոբանը տրոյական մի ձի է։ Ու քանի որ «պրաբլեմա-զաձերժկա» ալգորիթմը աշխատել է հստակ` ամեն գյուղից մի հոգի գտնվել է, որ դեռ մինչև առաջին երեխան ունենալը ինչ-որ կենցաղային վեճում սպանել է չոբանին ու փոքր երկրում խաբարը հասել է մյուս չոբաններին, որ դա գնալու տեղ չի։ Դատվե՞լ են` իհարկե։ Գնացեք Ղարաբաղ ու կգտնեք սիբիրներում կյանքը մաշած այդ մարդկանց ժառանգներին, բայց հարցը լուծել են էդ ժամանակի դաժան օրենքներով։ Իսկ դրա մշակութային ազդեցությունն էլ կա մինչև էսօր, որ Արցախում պապ չունեցածը ուզում է երկնքից աստղեր իջեցնի` մնալու է «գյալմա»... կարա սեր էլ ունենա, հարգանք էլ, բայց լիիրավ փայատեր չի կարող դառնալ։
Էս է մեր ու ձեր պատմության դաժան հետքերը մեր օրերի վրա։ Դրա համար էլ բոլորը ունեն չբարձրաձայնվող մի համոզմունք, որ թուրքը գլուխը բարձր կգա Ոսկեպար ու գուցե քոչացնի արդեն գրեթե դատարկված Բարեկամավանի վերջին 25 տոկոսին ուղարկելով մյուսների մոտ` Սարատով, իսկ մենք ոչ ոտք կդնենք Արծվաշեն, ոչ էլ կլուծենք Բարեկամավանի չքոչելու հարցը։ Դե, որովհետև, «մենք այս պայմաններում մեծացնելու երեխա չունենք»»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր