YouTube-ը բովանդակության ուղեցույցները խախտելու համար հեռացրել է ավելի քան 70000 տեսանյութ և 9000 ալիք, որոնք ցուցադրում էին Ուկրաինայի պատերազմը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ հեռացվել են նաև այն տեսանյութերը, որոնցում պատերազմն անվանվել է «ազատագրական գործողություն»։ YouTube-ի արտադրանքի տնօրեն Նիլ Մոհանն ասել է. «Առաջին և, հավանաբար, ամենակարևոր պարտականությունն է՝ ապահովել, որ մարդիկ, ովքեր տեղեկատվություն են փնտրում այս իրադարձության մասին, ստանան ճշգրիտ, բարձրորակ և վստահելի տեղեկատվություն YouTube-ում»: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հեռացված տեսանյութերի մեծ մասը «ռուսական կառավարությունից դուրս եկած նարատիվներ են»։ Հարկ է նշել, որ YouTube-ը Ռուսաստանում դեռ արգելված չէ՝ ի տարբերություն այլ արևմտյան հարթակների։ |