Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ցանկացած քաղաքական պայքար հիմնվում է պրոպագանդայի վրա: Պրոպագանդան կարող է լինել սև, կարող է լինել սպիտակ, բայց առանց դրա չկա քաղաքական կյանք, ու պետություն էլ չկա: Մեր 30 տարվա քաղաքական կյանքը վկա, երբ 2018-ին մի խումբ արկածախնդիրներ, որոնք, լինենք անկեղծ, իրենցից առանձնապես ոչինչ չներկայացնելով, վերցրեցին իշխանությունը, որովհետև այդ ժամանակվա գործող իշխանությունը չուներ պրոպագանդա, այսինքն՝ չուներ կապ հասարակության հետ: Հիմա անդրադառնանք օրվա խնդրին, որոնք են պրոպագանդայի հիմնական հնարաքները: 1. Սև-սպիտակ Ցանկացած նորմալ համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը գիտի, որ ցանկացած պայքարի ժամանակ պետք է լինի սև-սպիտակի բաժանում, այսինքն՝ հակառակորդին պետք է ներկայացնել որպես սև ուժ, իսկ իրենք ներկայանան որպես սպիտակ, ինչը 2018-ին քայլողներին հաջողվեց, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հենց դրա վրա էլ կառուցեցին ընտրությունները: Հիմիկվա ընդդիմությանը չի հաջողվում գործող իշխանությունը ներկայացնել որպես միակ սև։ Քայլածները գործող ընդդիմությանը ներկայացնում են որպես սև՝ թալանչիներ, ընդդիմությունն իշխանությանը նույնպես սև՝ դավաճաններ: Այսինքն՝ բաժանումը սևի ու սևի միջև է։ Նախկին սպիտակները հաջողությամբ վերածվել են սևի, իսկ սևերը մնացել են սև։ Սպիտակի տեղը մնացել է դատարկ ու դրա համար հանրության մեծ մասը մնում է պասիվ: 2. Պատերազմ, թե խաղաղություն Քայլածների պրոպագանդայի մյուս ձիուկը, որի վրա հեծնել են, դա իրենց խաղաղությանն ընդդիմության պատերազմի այլընտրանքն է՝ «պարտությունը խաղաղություն է», «չպարտվելու ձգտումը՝ պատերազմ։ Այս բանաձևն Օրուելին պետք է հուշել, որ ավելացնի իր հայտնի «1984» գրքում: Սա գործող իշխանության պրոպագանդայի մյուս հնարքն է, ինչը մարդկանց ուղեղների վրա ունի ազդեցություն: 90-ական թվականներին նման մի պետական գործիչ կար, ով ասում էր, որ մեզ բանակ պետք չի, «մեր ուժը մեր թուլության մեջ է»: Հիմա վերադարձել ենք այդ կարգախոսին: 3. Բացատրության փոխարեն հարձակում, հասկացությունների փոխատեղում Գործող վարչապետը ոչ մի մեղադրանքի, ըստ էության, չի պատասխանում, ցանկացած մեղադրանքի ժամանակ սկսում է հարձակվել «նախկինների» վրա՝ հասկացություններն ու դեպքերն այլափոխելով ու խեղաթյուրելով: Դա պրոպագանդայի հայտնի հնարքներից է, ինչն իրեն լավ հաջողվում է: Եթե նախկինները վատն են, ապա դա իր պարտության ու սխալների արդարացում չէ: Ամեն մեկն իր արածի համար է պատասխանատու, սակայն հանրությունը նման պարզ փաստերով չի դատում: Այս ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց դա չի իմ նպատակը, ուղղակի ցանկանում էի ասել, որ ցանկացած քաղաքական պայքար ենթադրում է կաբինետային աշխատանք՝ ստրատեգիայի, տակտիկայի ու մեթոդաբանության մշակում, այսինքն՝ փաստաթղթերի հետ աշխատանք ու մի քանի լավ դերասան-կատարող առաջին պլանում: Մոռացա ասեմ՝ կարգախոսների մշակումը հատուկ մասնագիտություն է, գործի կեսից ավելին»: |