ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.31, EUR 429.75, RUB 7.83, GBP 496.42
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Արտակ Բեգլարյանը պատասխանել է Ալիևին
11:54, 28.05.2022 | mamul.am
3877 | 0

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան՝

* Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա:

* Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

* Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը:

* Հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի:

* Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»:

Հիշեցնենք՝ նախօրեին Ալիևը հայտարարել էր հետևյալը. «Անցած մեկ ու կես տարվա ընթացքում հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք։ Ես ասել եմ, որ մենք պետք է որոշենք Հայաստանի հետ սահմանները։ Հայաստանը հրաժարվում էր դրանից մեկուկես տարի: Իսկ ինչ ստացվեց արդյունքում... Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա ի՞նչ «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին կարող է խոսք լինել: Կա Ղարաբաղի գոտի, Ղարաբաղի շրջան։ Դա Ադրբեջանի տարածքն է, և դա բոլորն են ընդունում...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր