ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի թելեգրամյան գրառումը. «2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ աշխատանքին, ներդրել եմ իմ փորձն ու գիտելիքը, մշտապես փորձել եմ հանձնաժողովում ապահովել արդյունավետ աշխատանքային մթնոլորտ։ Դա արել եմ` հատկապես կարևորելով եվրասիական զարգացման` մեր պետության հեռանկարը: Քաղաքական իրադարձությունները երկրում, սակայն, բերեցին մի կետի, որ ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ես չեմ կարող անտեսել, և որոնք ինձ թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել որպես հանձնաժողովի նախագահ։ Նման որոշումները նաև լավագույն առիթ կարող են հանդիսանալ` վերաիմաստավորելու և գնահատելու ձեռք բերած քաղաքական փորձը և նոր գիտելիքները, խթան կարող են դառնալ նաև իմ անձնական ապագայի տեսլականի ձևավորման համար, ինչպես դա եղավ 2014 և 2018 թվականներին` բարձր պետական պաշտոններից հեռանալուց հետո: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքը և ստանձնած պարտավորությունների իրականացումը բոլոր այն միջազգային հարթակներում և կառույցներում, որոնք կարևոր են մեր պետության համար»: |