Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Շատերը գիտեն կամ կհիշեն իմ բավական տարբերվող մոտեցումը 2016-ին Սասնա ծռերի ռազմական ապստամբության վերաբերյալ։ Թե այն ժամանակ, թե այժմ դեմ եմ, որ քաղաքական խնդիրները հանգուցալուծվեն ուժային տարբերակով։ Դեմ եմ, որովհետև անցումագիտության բազում օրինակներից գիտեմ, թե ինչպիսի վատ հետևանքներ են ունենում դեպի ժողովրդավարություն անցում կատարող պետությունների համար նման նախադեպերը։ Այն ժամանակ էլ համոզված էի, որ խաղաղ եղանակով իշխանափոխության տարբերակները սպառված չեն, ինչն ապացուցեց Թավշյա հեղափոխությունը, այժմ՝ երբ երկրում ազատ ընտրություններ են տեղի ունենում, առավել քան երբևէ կմերժեմ ռազմական սցենար։ Այդուհանդերձ, այն ժամանակ էլ համարել եմ, որ Սասնա ծռերի դեմ ոչ մի ուժային գործողություն չպետք է տեղի ունենա, ինչպես որ ցանկանում էին արտաքին ու ներքին որոշ ուժեր, և իմ հրապարակային ուղերձներն այդ շրջանում եղել են այն, որ իշխանություններին բացատրվի դրա ծանր հետևանքները պետության, Արցախյան խնդրի բեռ և լեգիտիմության խայտառակ պակասորդ ունեցող իշխանությունների համար։ Իմ այս դիրքորոշումը, գիտեմ, որ դուր չի եկել Սասնա ծռերի որոշ համակիրների, բայց ես դրանով չեմ առաջնորդվել, այլ իմ խղճով, պետականության համար միջնաժամկետ, երկրաժամկետ ցնցումների ռիսկեր չստեղծելու գիտակցումով։ |