ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.30, EUR 417.56, RUB 6.33, GBP 484.72
+4 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+7 °C
«Մի անձնական տեսանյութով կիսվեմ». Ժիրայր Ոսկանյան
00:00, 28.09.2022 | mamul.am
6012 | 0

Լրագրող Ժիրայր Ոսկանյանի գրառումը. «Մի անձնական տեսանյութով կիսվեմ, որը մոնտաժված է «ոչ եթերային» բառապաշարի պատճառով:
Այսօր իմ ու վստահ եմ՝ բոլորիս կյանքում շրջադարձային կետ է: Այս օրը քայքայող, կրծող, փոքրացնող հիշողություններ է բերում, քայքայող, կրծող, փոքրացնող ներկա: Բայց վաղն ավելի ամուր ու պինդ լինելու հաստատակամություն պիտի ունենանք բոլորս:
2020-ի սեպտեմբերի 27-ին արդեն Արցախում էինք։
Պատերազմի արհավիրքը զգացի, երբ մուտք գործեցի Արցախ. հսկայական ավտոշարասյուններ, որոնք դուրս էին բերում կանանց, երեխաների, հրահանգներ, որ մեքենայի լույսերն ու հեռախոսներն անջատած վարենք, կամավորների հսկայական խմբեր, որոնք մեծ ոգևորությամբ շարժվում էին Արցախ՝ պայքարելու։ Օդում կախված վտանգը, պայթյունների ձայները միանգամից կոտրեցին ապահովության զգացումն ու մխրճեցին քայքայող, սարսափելի պատերազմի մեջ։
Պատերազմի ահասարսուռ ապրումները ոչ թե նրանք էին, որ մենք մեր նկարահանող խմբով քանիցս մտածել ենք, որ հիմա, հենց այստեղ մենք էլ ենք մահանալու, այլ տեսնելը՝ միտքդ պայթեցնող դիակներով բեռնված սառնարաններ, մեքենաներ, հարազատ կորցրած խելագարներ, հոսպիտալում պատին գամված՝ սարսուռով վիրավորների հոսքին հետևելը, նրանց՝ ականջդ պայթեցնող ցավին հասանելի լինելը, դիրքերում կանգնած զինվորների քաջությունն ու ապրելու ձգտման վախը տեսնելը։
Մարտակերտի դիրքերի ճանապարհին հայտնվել էինք հրթիռակոծության տակ, սարսափելի էր ամեն վայրկյանը, կարծում էինք՝ հիմա իրապես մեր վերջն է, ամեն հարվածի հետ մտածում էինք՝ հիմա մենք ենք մեռնում։ Թողեցինք մեքենան, վազեցինք փոսերի մեջ՝ մտածելով, որ գուցե ճիշտ է, գուցե՝ սխալ, գուցե չարժեր, գուցե արժեր... շուրջբոլորը պայթյուններ, զենքերի անտանելի սուլոցներ։ Կեսմարդ դարձած նորից վազեցինք մեքենան, որ ինչ գնով էլ լինի, հասնենք նշանակետին՝ տղերքի մոտ։ Մեքենան սլանում էր բառի ուղիղ իմաստով պայթյունների միջով, ձեռքներս բռունցք արած, Աստված կանչելով՝ բղավում էինք, որ գուցե պետք է կանգնել, գուցե պետք է անհնարին ավելի արագ սլանալ, գուցե հիմա մենք ենք հօդս ցնդում, գուցե պետք է անել այն, ինչ մենք չգիտենք։ Կյանքներս կես՝ հասանք տղերքի մոտ. հազիվ 18-20 տարեկան մի զինվոր ասաց. «Հանգիստ շունչ քաշեք, դուք հիմա աշխարհի ամենաապահով վայրում եք՝ մեր կողքին՝ խրամատում»։
Մերոնք ընկան, կորցրեցին առողջությունը, գերեվարվեցին, որ մենք ապրենք։ Ապրենք, բայց ոչ այնպես ինչպես հիմա՝ հին սխալներով, իրար ատելով, իրար որակելով ու մերժելով այն ամենն, ինչը մեր պատկերացման մեջ չէ, էլի կեղծ արժեքներով, կեղծ իրականությամբ, կեղծ հայրենասիրությամբ, կեղծ լուրերով: Ուշքի գանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր