Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հոկտեմբերին, որի նպատակն է աջակցել համավարակին և պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական և դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը և զարգացմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 23 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է. 1. Մասնավոր հատվածի բարձր մրցունակություն՝ սոցիալ-տնտեսական ավելի մեծ ազդեցություն ունենալու և ներդրումներ ներգրավելու համար: 1. Ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում: Աջակցություն կցուցաբերվի նաև փորձնական թիրախային ծրագրերին և նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաև սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու և ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով: |