ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ներքաղաքական կյանքն իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք է արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների՝ ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն: ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն են մնացել Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության քաղաքական պատասխանատվությունը, իսկ ԱԺ խմբակցությունները պետք է անվանափոխել այս երկու կուսակցությունների անուններով: Այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք չեն հանդիսանում նշված կուսակցությունների անդամներ կա՛մ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրանց քաղաքական գործունեության համար, կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավորներ, կա՛մ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները: Սա անհրաժեշտ է ընդդիմության ինստիտուցիոնալիզացման, ընդդիմադիր գործունեությանը քաղաքական դեմք և պատասխանատվության կոնկրետ հասցեատեր ունենալու համար: Կլինի՞ սա, անկեղծ չգիտեմ, պետք է՞ սա պետությանը՝ միանշանակ... Հ. Գ. Այս արձանագրումն արտացոլում է առկա քաղաքական իրողությունը, նպատակ ունի բարձրացնել ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը, կազմակերպվածությունը, և որևէ կերպ չի վնասում ԱԺ ընդդիմադիր ուժերի վարկանիշին ու հեղինակությանը: Հ. Հ. Գ. Ես իմ ընտրությունն արել եմ դեռևս հուլիսին և հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, քանի որ Դաշնակցության անդամ չեմ և չեմ ցանկացել կիսել «Հայաստան» խմբակցության գործունեության քաղաքական պատասխանատվությունը...»: |