ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+3 °C, -4 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշում ընդունել». Վահե Դոխոյան
10:30, 09.12.2022 | mamul.am
1238 | 0

Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանի գրառումը. «Վանաձոր համայնքի սիրելի բնակիչներ, արդեն շուրջ մեկ տարի է ինչ Վանաձոր համայնքը չունի ձևավորված տեղական ինքնառավարական մարմին, քանի որ վանաձորցիների կողմից ամենաշատ ձայներ ստացած խմբակցության ղեկավարը քաղաքական հետապնդման հետևանքով անազատության մեջ է։
Սա անհանդուրժելի հարձակում է բոլոր վանաձորցիների ազատ կամքի և առհասարակ ժողովրդավարության նկատմամբ։
Այս ապօրինության հետևանքով տևական ժամանակ է ինչ Վանաձորում առկա է քաղաքական և կառավարչական ճգնաժամ։
Հարցը հասել է նրան, որ Վանաձորն այսօր կանգնած է համայնքի բյուջեն հաստատելու խնդրի առաջ, որպեսզի հնարավոր լինի կատարել համայնքի բնակիչների կենցաղի սպասարկման հետ կապված տարրական ծախսեր և ընդհանուր առմամբ՝ ապահովել համայնքի բնականոն կենսագործունեությունը։
Մյուս կողմից, այս ճգնաժամից դուրս գալու գինը չի կարող լինել վանաձորցիների կողմից չընտրված քաղաքապետի պաշտոնավարումը։ Նման օրենսդրական հնարավորությունը առհասարակ պետք է բացառվի։
Բոլորը պետք է հասկանան և իրենց ականջին օղ անեն. վանաձորցու քվեն և վստահությունը սակարկման ենթակա չեն։ Միայն Վանաձոր համայնքի բնակիչը կարող է որոշել, թե ով պետք է կառավարի մեր սիրելի համայնքը հաջորդ 5 տարիների ընթացքում։
Հարց է առաջանում, թե ինչ կարելի է անել այսպիսի անելաների թվացող իրավիճակում, երբ մի կողմից խնդիր ունենք փրկել համայնքը կաթվածահար լինելուց, իսկ մյուս կողմից՝ թույլ չտալ, որ վանաձորցու քվեն գողացվի իսկ քաղաքապետի պաշտոնը դառնա նշանակովի։
Մշտապես վանաձորցու նկատմամբ լինելով ազնիվ և նպատակ ունենալով արդարացնել «Հայրենիք» խմբակցությանը և անձամբ ինձ ընտրողների տված վստահությունը, գտնում ենք, որ անգամ այսպիսի դժվարին իրավիճակում քաղաքական ուժը պարտավոր է առաջարկել հստակ լուծումներ։
Այսպիսով, որպես գերակայություն ընդունելով վանաձորցու ազատ կամքի արտահայտման իրավունքը և իր քվեով համայնքային իշխանություն ձևավորելու իրական հնարավորությունը, ինչպես նաև արժևորելով Վանաձոր համայնքի յուրաքանչյուր բնակչի արժանապատիվ կենցաղը ապահովելու անհրաժեշտությունը՝
Վանաձոր համայնքի խմբակցություններին և ավագանու յուրաքանչյուր անդամի առաջարկում ենք՝
- առաջին քայլով ընդունել համատեղ որոշում օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու մասին, որը հրապարակելուց հետո
- երկրորդ քայլով համատեղ քվեարկել Վանաձոր համայնքի բյուջեն հաստատելու օգտին»։

Աղբյուրը` Վահե Դոխոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր