Այսօր` հունվարի 9-ին, հայ ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանի ծննդյան օրն է. նա կդառնար 98 տարեկան: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը:«...Այո, մոռանում են մեզ. հիմա այնպիսի մարդկանց են պրոպագանդում, որ նույնիսկ բողոք է բարձրանում: Հին երգիչներին չեն հիշում: Այսօր եթերում սխալ կատարումներ են, ձայն չունեցող մարդիկ: Շոու-բիզնեսն իր վերնագրով ու մակարդակով աղբ է: Էլ չեմ ասում` երգիչ-երգչուհիների հագուկապի մասին. կրծքերն են բացում ու երգում»,- մի առիթով MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհին: «Ժամանակակից երգերի հետ միասին պետք է լսենք նաև ազգային, ժողովրդական երգերը: Ես այսօր դրանցով եմ ապրում, քանզի ցանկացած երգ, որ կատարել եմ, հուզվել եմ: Որտեղ էլ եղել եմ, որ երկրում էլ որ ներկայացրել եմ մեր ազգայինը, սիրով է ընդունվել և հիմա ուզում եմ, որ մեր երիտասարդներն էլ չմոռանան»,- անկեղծացել էր Օֆելյա Համբարձումյանը: |