«Փաստաբանական հանրության ձայնը երբ բարձրացվում է Ազգային ժողովում, մենք տեսնում ենք, թե իշխող քաղաքական ուժն ինչպիսի ատելությամբ է լցված իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հանդեպ»,- անդրադառնալով ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը չընդունելու փաստին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիրն» իր այս վարքագծով վնասեց Սեդա Սաֆարյանին որպես մարդու. կասկածի մեջ թողնել մի դատավորի, որը հետագայում պետք է Սահմանադրական դատարանում արդարադատություն իրականացնի՝ անընդհատ նրան մղելու է կաշկանդված գործողությունների: Երկրորդ՝ հիմք տվեց մեզ, որ ՍԴ ներկայացվող դիմումներում պետք է ակնկալենք, որ Սեդա Սաֆարյանը չի կարող իրականացնել արդարադատություն և, ըստ էության, անհնարինության հիմքեր է տվել նրա մասնակցության մասով»: |