Միացյալ Նահանգները, «ձգտելով հաստատել իր գերիշխանությունն, անցել է դիվանագիտական, էթիկական և ցանկացած այլ պարկեշտության բոլոր սահմանները»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսպես է մեկնաբանել ռուս-չինական գագաթնաժողովի նախօրեին Վաշինգթոնի հայտարարությունները «խաղաղության կոչերի անընդունելիության» մասին։ Խոսելով ԱՄՆ-ի հայտարարություններին Չինաստանի վերաբերմունքի մասին՝ Լավրովը նշել է, որ չինական կողմը «արտացոլում է մեծ քաղաքակրթության ավանդույթները», որը տարիների ընթացքում մշակել է իր ոճը։ Մարտի 19-ին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Վաշինգթոնն անընդունելի է համարում Ուկրաինայում զինադադարի մասին կոչերը, որոնք կարող են հետևել Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպմանը։ |