ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +10 °C Վաղը`+10 °C
«Նշմարվում է Երևանի գանգատ Վաշինգթոնին՝ կապված Բաքվի դիրքորոշման կոշտացման հետ». Հակոբ Բադալյան
02:06, 09.06.2023 | mamul.am
3470 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ Ադրբեջանի «խնդրանքով» հետաձգվում է հաջորդ շաբաթ Վաշինգթոնում տեղի ունենալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը:
Նախօրեին տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարարի և պետքարտուղար Բլինքենի՝ Եվրասիայի ու Եվրոպայի հարցերի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի միջև: Դրա վերաբերյալ երեկ արած անդրադարձումս նկատել էի, որ դատելով Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության տողատակից, նշմարվում է Երևանի գանգատ Վաշինգթոնին՝ կապված Բաքվի դիրքորոշման կոշտացման հետ, ակնարկելով վաշինգթոնյան մայիսյան փուլի ընթացքում որոշակի հանձնառություններ:
Ընդ որում, բացառել պետք չէ, որ Երևանը կարող էր ակնարկել ադրբեջանական դիրքորոշման համար հենց Վաշինգթոնի, այլ ոչ Բաքվի անմիջական հանձնառությունների մասին: Այսինքն, Երևանի ինչ-ինչ դիրքորոշումների դիմաց, Վաշինգթոնը հանձնառություն է վերցրել, որ համարժեք դիրքորոշման դաշտ կբերի Բաքվին: Մինչդեռ, ստացվում է, որ Բաքուն ավելի է «հեռացել», ու Երևանը, թերևս, այդ մասին է հիշեցրել Դերեք Հոգանին:
Եվ ահա այսօր հայտնի է դառնում, որ վաշինգթոնյան հանդիպումը հետաձգվում է, ֆորմալ առումով՝ «Բաքվի խնդրանքով»: Ինչու եմ ընդգծում ֆորմալ, որովհետև չեմ բացառի, որ Բաքվին այդ «խնդրանքի» հարցում «խնդրել» է հենց կազմակերպիչ կողմը, ինչի բուն պատճառը կարող է լինել ընդհանրապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթից դուրս:
Բանն այն է, որ հունիսի 7-ին ԱՆ պետքարտուղար Բլինքենը կատարել է կարևոր այց Սաուդյան Արաբիա: Ընդհանրապես, եթե ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան գնում է Սաուդյան Արաբիա, որի Արքայազն Բին Սալմանին մեղադրել են մարդասպանության պատվերի համար, կնշանակի, որ Վաշինգթոնը ունի այդ այցի խիստ անհրաժեշտություն:
Իսկ ՍԱ այցը բնականաբար ուշադրության է արժանի նաև այն դիվանագիտական նախաձեռնության ֆոնին, որ արդեն մի քանի ամիս առաջ է գնում Չինաստանի մոդերատորությամբ՝ իրան-սաուդական հարաբերության կարգավորում: Դրան զուգահեռ, ուշագրավ է և այն, որ այս օրերին տեղի է ունեցել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի այց Օման, որից հետո Օմանի պատվիրակն այցելել է Իրան:
Վաշինգթոնում հայ-ադրբեջանական հերթական հանդիպման հետաձգումը հուշում է, որ այստեղ թերևս իրադարձությունների բովանդակությունն ու զարգացման միտումն ԱՄՆ համար բավականին հակասական է, հետևաբար, վաշինգթոնյան Միրզոյան-Բայրամով նոր հանդիպումը՝ թերևս այս պահին ոչ այդքան պահանջված, քանի որ այդ գործընթացը Վաշինգթոնի համար անկասկած ընդամենը շատ ավելի լայն ռազմավարական փազլի մի կտոր է, այլ ոչ ինքնին ռազմավարական նպատակ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր