ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկն անմխիթար վիճակում է. Աշտարակի Ծիրանավոր
23:42, 30.08.2023 | mamul.am
6681 | 0

Աշտարակ քաղաքը հայտնի է իր բազմաթիվ եկեղեցիներով։ Դեռևս վաղ միջնադարից սկսած այստեղ կառուցվել են տարբեր հատակագծերով եկեղեցիներ, որոնցից մի քանիսը դեռևս կանգուն են, և համարվում են քաղաքի տեսարժան վայրերը։ Սակայն այդ եկեղեցիներից որոշները մեր օրեր են հասել անմխիթար վիճակում և շարունակում են մնալ այդ վիճակում։ Այսօր առավել քան ուշադրության կարիք ունի քաղաքի հնագույն եկեղեցիներից մեկը, որը, կարելի է ասել, ոչ միայն քաղաքի, այլ նաև Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Խոսքը Ծիրանավոր Սբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը թվագրվում է 5-րդ դարով։
Քրիստոնյա Հայաստանի ամենավաղ փուլից՝ 4-5-րդ դարերից մեր օրեր են հասել եռանավ կոչվող բազիլիկներ եկեղեցիների հաշված թվով օրինակներ, և դրանցից մեկը Աշտարակի Ծիրանավորն է։ Եկեղեցին իր պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է վերանորոգման։ Եկեղեցու վերջին վերակառուցումը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ պարսկական տիրապետության ժամանակ եկեղեցին վերածվել է ամրոցի, ինչի արդյունքում փակվել է եկեղեցու երկու մուտքերից արևմտյանը։ Եկեղեցու թաղածածկը քանդվել է 19-րդ դարում, որից հետո եկեղեցին մնացել է անխնամ, ավերակ վիճակում և այլևս չի վերականգնվել։
20-րդ դարում եկեղեցին միայն մաքրվել է փլատակներից և մասնակի ամրացվել։ 1988 թվականին այստեղ ձեռնարվել են պեղումներ, որոնց ժամանակ էլ արևմտյան կրկնապատի հեռացման արդյունքում բացվել է շինության հին պատը։
Այսօր եկեղեցին կանգուն է առանց ծածկի, բնակելի տներին կից, պատերի վրա բավականին մեծ ճաքերով։ Մեկ հայացքն անգամ բավական է հսկանալու համար, որ եկեղեցին բավականին անխնամ և վատթար վիճակում է։
Հիշեցնենք, որ այս եկեղեցին Հայաստանում 4-5-րդ դարերում ի հայտ եկած եռանավ բազիլիկ տիպի ամենաառաջին եկեղեցիներից է, որից հաշված թվով կան ոչ միայն Հայաստանում, այլ նաև քրիստոնյա շատ երկրներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր