ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Հին» դոլարները բանկերը չեն վերցնում. «Ժողովուրդ»
09:36, 02.09.2023 | mamul.am
12137 | 1

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք բանկեր հրաժարվում են կատարել գործարքներ հին՝ 2006 թվականի արտադրության դոլարներով՝ քաղաքացիներին որևէ բացատրություն չտալով:
Նշենք, որ 2006 թվականի արտադրության այդ «հին դոլարները» հին չեն համարվում նույնիսկ ԱՄՆ-ում, պարզապես 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց, որ թողարկելու է նոր դիզայնով թղթադրամներ՝ նոր թանաքագծով, որը կփոխեր գույնը պղնձագույնից դեպի կանաչ, սակայն նախորդների՝ արտադրությունից դուրս գալու մասին որևէ խոսակցություն չի եղել:
Գրավոր հարցում ուղարկեցինք Հայաստանի կենտրոնական բանկ՝ հասկանալու՝ արդյոք Կենտրոնական բանկը տեղյակ է բանկերում թույլ տրվող ապօրինություններից: Ի պատասխան՝ ԿԲ-ից մեզ տեղեկացրին, որ ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական շուկան ու տեղյակ է այդ երևույթի մասին: Հարցին, թե ինչու նախօրոք այս մասին չի զգուշացվել քաղաքացիներին, Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ ֆինանսական կառույցներն իրենց հաճախորդներին պարտավոր են տեղեկացնել մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների վերաբերյալ: Դա չանելու դեպքում ֆինանսական ծառայությունների սպառողները կարող են իրականացնել իրենց շահերի պաշտպանության քայլեր, որոնց մասին տեղեկությունները հասանելի են ԿԲ կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fcpforconsumer.aspx:

Այս ամենից զատ արդյոք Կենտրոնական բանկը կարգավորումներ մտցնելու ուղղությամբ քայլեր անո՞ւմ է, կամ գուցե այդպիսիք այժմ արդեն կա՞ն:
«Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման:
Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան խիստ մրցակցային է, և ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են շուկայական մեխանիզմով (յուրաքանչյուր բանկ կամ փոխանակման կետ ինքն է որոշում, թե որ արտարժույթով ինչ գործառնություններ իրականացնի և ինչ սակագնով)։ Ֆինանսական կառույցների ծառայությունների սակագներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից»,- հայտնեցին Կենտրոնական բանկից:

Այսինքն՝ երբ հնչում են որևէ բանկի կամ ֆինանսական կազմակերպության գովազդում խոսքեր, թե կառույցը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, խաբեություն է: ԿԲ-ն միայն լիցենզիայի տրամադրման ժամանակ է կանոններ նախանշում, հետո ինչ ցանկանում, անում են բանկերը:

Փաստացի ԱՄՆ-ում, այսպես ասած, հին դոլարները համարվում է արժույթ, իսկ Հայաստանում՝ ոչ: Ու ով է որոշել՝ պարզ չէ. պետությունը կազմակերպված քաոս է ստեղծել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր