ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ֆրանսիական գործոնը Բաքվին թույլ չի տալիս ամրապնդել հաղթանակը. #ЭхоКавказа
18:02, 05.10.2023 | mamul.am
5553 | 0

Ադրբեջանն ու Հայաստանը մեկ քայլ են հեռու խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Իսպանական Գրանադայում նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Բաքուն հրաժարվել է բանակցություններից՝ հաշվի առնելով Ֆրանսիայի ապակառուցողական, ինչպես կարծում են Ադրբեջանում, դիրքորոշումը, գրում է Эхо Кавказа-ն։

Փարիզը վերջին շրջանում ուժեղացնում է տարածաշրջանում քաղաքական և դիվանագիտական ակտիվությունը։ Իսկ Երևան այցելած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Հայաստանին խոստացել է ռազմական պայմանագրեր, որոնք թույլ կտան ամրապնդել երկրի պաշտպանունակությունը։ Երևանում հույս ունեն, որ Եվրոպան չի սահմանափակվի հայտարարություններով և Ադրբեջանի դեմ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կսահմանի։

«Ես ցանկանում եմ հրապարակավ հայտարարել, որ Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ պայմանագրեր կնքելու համար, որոնք թույլ կտան Հայաստանին ռազմական տեխնիկա ունենալ, որը կապահովի նրա պաշտպանությունը: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ Ղարաբաղում տեղի ունեցածը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Մենք Ադրբեջանից և Ռուսաստանից մի քանի անգամ լսել ենք, որ դա մարդկանց կամավոր մեկնում է։ Ո՛չ, դա կամավոր մեկնում չէ, դա հարկադիր մեկնում է։ Մենք պետք է շատ հստակ դնենք այս հարցը»,- ասել է նա։

Փարիզի քաղաքական և դիվանագիտական ակտիվության աճն ակնհայտորեն դուր չի գալիս Բաքվին։ Հատկապես Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման մասով, որը Բաքվի և Անկարայի ծրագրով պետք է Ադրբեջանը կապի իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։

Երևանում կարծում են, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հարցականի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը։ Ինչպես նշել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, առկա են բոլոր նախանշանները, որ Ադրբեջանը մտադիր է շարունակել ագրեսիվ գործողություններն արդեն անմիջապես Հայաստանի դեմ. «Ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլև շատ փորձագետներ, այդ թվում ՝ ԵՄ անդամ որոշ երկրներ, կարծում են, որ Հայաստանի վրա հարձակումն անխուսափելի է։ Ես չեմ հավատում ոչ մի խոսքի, ոչ մի հավաստիացման, որը գալիս է ինչպես Ալիևից, այնպես էլ նրա շրջապատից ու բանագնացներից։ Միակ բանը, որին ես հավատում եմ, այն է, որ Եվրոպան պատմական հնարավորություն ունի օգնելու ժողովրդավարությանը` դիմակայել դաժան բռնապետությանը, որը ցանկանում է ներխուժել և ոչնչացնել ժողովրդավարական հասարակությունը»։

Մինչդեռ Ադրբեջանը հրապարակել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ծրագրի հիմնական թեզերը։ Այն, մասնավորապես, նախատեսում են անցկացնել հինգ ուղղություններով՝ իրավական և վարչական, անվտանգության, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև մշակույթի, կրթության և կրոնի ոլորտներում։ Բաքուն խոստանում է էթնիկ հայերին ներգրավել պլանով նախատեսված բոլոր ոլորտներում։

«Ըստ էության, Լեռնային Ղարաբաղը դարձել է էթնիկ զտումների զոհ, և, ցավոք, միջազգային մեխանիզմների գործարկումը չի հաջողվել։ Փաստորեն, մենք գործ ունենք նախապես հայտարարված էթնիկ զտումների իրականացման հետ։ Այս իմաստով, իհարկե, Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող հումանիտար ճգնաժամն այժմ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Բացի այդ, ես պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում իրականացնում են ապօրինի ձերբակալություններ, որոնք, կարծում եմ, նույնպես պետք է լինեն միջազգային ուշադրության կենտրոնում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՄԱԿ-ի առաքելության զեկույցի համաձայն, որը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ եղել է տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում այսօր մնում է ոչ ավելի, քան հազար էթնիկ հայ: Վերջին օրերին տարածաշրջանից մեկնել է ավելի քան 100 հազար մարդ։ Առաքելության ներկայացուցիչները մատնանշել են էթնիկ զտումներից փախչող տեղի բնակչության սրընթաց բռնագաղթը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր