ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ազնավուրի և Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
18:24, 22.11.2023 | mamul.am
4023 | 0

Նոյեմբերի 7-22-ը Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է ընդունվել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում ընդգրկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշյալ հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրների և երկրների խմբի կողմից։ Մասնավորապես՝ Ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից՝ Անդորրայի, Իտալիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Պորտուգալիայի, Սենեգալի և ավելի քան 80 անդամ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների խմբի աջակցությամբ։ Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի վերաբերյալ հայտը համատեղ կերպով ներկայացվել է Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի կողմից՝ ստանալով Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լիբանանի և Լեհաստանի աջակցությունը։

Տեղեկանք. 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 25 հոբելյանական տարեթիվ:

Նախորդ երկամյակի համար հաստատվել էին ՀՀ կողմից ներկայացված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցի և ՀՀ ազգային կինոկենտրոնի 100-ամյա հոբելյանի հայտերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր