ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նա չի տիրապետում իր մկաններին». Սելին Դիոնի առողջական վիճակը վատթարացել է
21:48, 19.12.2023 | mamul.am
6063 | 0

Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը հազվադեպ և ծանր հիվանդության պատճառով «կորցրել է մկանների կառավարումը»։ Այս մասին կանադական 7 Jours հրատարակությանը տված հարցազրույցում ասել է նրա քույրը՝ Քլոդետը։

2022 թվականի դեկտեմբերին Սելին Դիոնը հայտնել էր, որ իր մոտ ախտորոշվել է հազվագյուտ նյարդաբանական հիվանդություն՝ Մերշ-Վոլտմանի համախտանիշ։ Այդ պատճառով նա ստիպված է եղել չեղարկել իր շրջագայությունը։ Երգչուհին խոստովանել է, որ մկանային սպազմերը ազդում են իր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա՝ անգամ` քայլելու և թույլ չեն տալիս օգտագործել ձայնալարերը:
Քլոդետ Դիոնը պատմել է, որ հիվանդությունը դեռ բուժելի չէ, այս ընթացքում իրավիճակը չի բարելավվել, հակառակը՝ 55-ամյա Սելինի առողջական վիճակն օրեցոր վատանում է։

Արդյո՞ք նա կրկին կկարողանա երգել, կվերսկսի կարիերան և ինչ վիճակում կարող է վերադառնալ բեմ, մնում է հարցականի տակ։ Այժմ, ինչպես նշել է երգչուհու քույրը, Սելին Դիոնն իրականում կորցրել է վերահսկողությունը սեփական մկանների նկատմամբ։

«...Հիմա նա չի տիրապետում իր մկաններին... Ձայնալարերը մկաններ են, սիրտն էլ է մկան։ Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոն մարդուց մեկի մոտ, գիտնականները լայնածավալ հետազոտություններ չեն անցկացրել: Եվ այս հիվանդությունը բուժում չունի»,- ասում է Քլոդետը:

Նրա խոսքով, Սելինն ու իր ողջ ընտանիքը երազում են, որ մի օր նա կարողանա վերադառնալ բեմ։ Նրա երկրպագուների աջակցությունն է օգնում երգչուհուն ապագայի հույսը պահպանել:

Մերշ-Վոլտմանի համախտանիշը չափազանց հազվադեպ նյարդաբանական խանգարում է, որն ազդում է նյարդային համակարգի, մասնավորապես՝ ուղեղի և ողնուղեղի վրա: Հիվանդությունը բնութագրվում է ընդհանուր մկանային կոշտությամբ և ցավոտ սպազմերով, որոնք կարող են սրվել սթրեսի ժամանակ: Նման հիվանդությամբ հիվանդի համար դժվարանում է շարժվելն ու նույնիսկ ուտելը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր