ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչո՞ւ Ալիևը որոշեց արտահերթ ընտրություններ նշանակել. #BBC
22:48, 17.01.2024 | mamul.am
4771 | 0

Շատերին հանելուկ է թվում, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել, չէ՞ որ Ղարաբաղում պատերազմից հետո նրա լեգիտիմությունը միայն աճել է: Ալիևն այդ որոշումը դեռ ոչ մի կերպ չի բացատրել, իսկ հարցերը մնում են: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է պատասխանել այդ հարցերին:

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց մասին Ալիևը հայտարարել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերին: Ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել, քանի որ ընդամենը մեկ ամսում քարոզչություն իրականացնելն ու 100 հազար ստորագրություն հավաքելը (դա պետք էր անել մինչև հունվարի 7-ը), ըստ նրանց, իրատեսական չէ: Մասնակցել համաձայնած թեկնածուները քարոզարշավներ չեն վարում, չեն քննադատում նախագահին։ Այդպես էր նաև 2018-ի նախորդ նախագահական ընտրություններում։ Բայց այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ Ալիևը 2020-ի և 2023-ի պատերազմներից հետո հայտնի դարձավ` որպես ուժեղ առաջնորդ: Շատերը հարց են ուղղում՝ արդյոք կարիք կար ընտրություններ անցկացնելու: Ալիևն այդ մասին դեռ չի խոսել:

Ղարաբաղն Ուկրաինա չէ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե երկու տարի է՝ զավթողական պատերազմ է վարում, որին Ռուսաստանում շատերը չեն աջակցում: Բայց Ալիևը յուրաքանչյուր ադրբեջանցու աչքում հաղթեց «արդար» պատերազմում։ «Հաղթանակակիր»՝ նման տիտղոս են շնորհել Ալիևին, որը ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականից և ստիպված է մշտապես պահպանել իր իշխանության լեգիտիմությունը:

Սառնարանը հեռուստացույց չէ

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,2%-ով: Նվազագույն աշխատավարձն այս տարվա ընթացքում առաջին անգամ չի աճել՝ կազմելով ամսական 200 դոլարից մի փոքր ավելի (345 մանաթ): Սոցցանցերում վիրուսային են դարձել երկու լուսանկարներ, որոնցում համեմատվում են Ադրբեջանի գյուղական շրջաններից մեկում փլուզվող դպրոցը և Ղարաբաղում նորակառույց ֆերման: Պաշտոնապես Ադրբեջանում գործազրկությունը ցածր է՝ ընդամենը 5%, գրեթե չորս անգամ ցածր, քան հարևան Վրաստանում։ Իսկ պաշտոնական տվյալներով՝ երկրի բնակչության 37%-ը գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ են: Բացի Ղարաբաղից, իշխանությունները տարիներ շարունակ ներդրումներ են կատարում Բաքվում: Վերջերս պետությունը հայտարարեց, որ պատրաստվում է 16 տարվա ընթացքում 55 միլիարդ դոլար ծախսել քաղաքի զարգացման գլխավոր պլանի իրականացման վրա:

Լրագրությունը հանցագործություն չէ

Դեկտեմբերին պետքարտուղարի օգնականի՝ Բաքու կատարած այցից հետո հակաամերիկանությունը մամուլում թուլացավ, սակայն ձերբակալությունները շարունակվեցին։ BBC-ի ադրբեջանական ծառայություն տվյալներով՝ դեկտեմբերի սկզբին 11 լրագրող է ձերբակալվել, ապա նրանց միացել են ևս երկուսը, ինչպես նաև մի քանի քաղաքական ակտիվիստներ:

Նոր դարաշրջա՞ն

2018 թվականի ընտրություններում գործող նախագահը հավաքել է 86 տոկոս: Երեք տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղում երկրորդ պատերազմը, տեղի պացիֆիստները կարծում էին, որ Ալիևին պատերազմ է պետք՝ իր քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար: Բրիտանական «Չաթեմ հաուս»՝ միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի ադրբեջանագետ Լոուռենս Բռոերսն այս ընտրությունները համարում է ավելի շուտ արձագանք հնարավորություններին, այլ ոչ թե մարտահրավերներին: «2023 թվականի սեպտեմբերին ղարաբաղահայության զանգվածային տեղահանումը փակեց հայ-ադրբեջանական հակամարտության էջն ու բարենպաստ պահ ստեղծեց ազգային շինարարության ծրագրի համար: Դա կարող է նոր էջ բացել այն առասպելաբանության մեջ, որ Ալիևների դինաստիան է ադրբեջանական պետության իսկական հիմնադիրը»,- ասում է ադրբեջանագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր