Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի նախկին լրագրող, այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին չի ծառայել բանակում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Փետրվարի 14-ին հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին՝ հետևյալ բովանդակությամբ. «ArmLur.am-ը տեղեկացել է, որ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին՝ Էդգար Արմենի Նիկողոսյանը (ծնված 23.07.1995 թվ-ին, գրանցման հասցեն՝ Երևան, Դեմիրճյան փ. 17Ա 15) ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ ֆուտբոլային կարիերա շարունակելու հիմնավորմամբ, սակայն հետագայում նրան ակտիվ ֆուտբոլում չենք տեսել: Ի՞նչ հիմնավորմամբ է ծառայությունից ազատվել Էդգար Նիկողոսյանը: 2018 թվականից հետո, երբ շատ պաշտոնյաների որդիների՝ զինծառայությունից ազատման փաստաթղթերը սկսեցին ուսումնասիրվել, արդյոք Արմեն Նիկողոսյանի որդու ծառայությունից ազատման փաստը ստուգվե՞լ է. եթե ոչ, ինչո՞ւ»: Ի պատասխան, ՊՆ-ից հայտնել են. «Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»: Իսկ թե ինչ հիմքով, ՊՆ-ից հրաժարվել են պատասխանել՝ մատնանշելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Արդյո՞ք 2013-ին 18-ը բոլորած Էդգար Նիկողոսյանն իսկապես ֆուտբոլային կարիերա է ունեցել և ունի. փնտրեցինք տեղեկություններ, չգտանք: Զանգահարեցինք հորը՝ Արմեն Նիկողոսյանին, որը, սակայն, հրաժարվեց զրուցել մեզ հետ. չկարողացանք պարզել, թե ի՞նչ հիմքով է որդին ազատվել զինծառայությունից, և ինչո՞ւ չի զբաղվել հետագայում ֆուտբոլով, և ամենակարևորը՝ ո՞ւմ միջնորդությամբ է ազատվել որդին բանակից»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |