ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
70 տարի երկաթե պարկուճում ապրող ամերիկացին մահացել է
21:00, 13.03.2024 | mamul.am
16557 | 0

Մահացել է Փոլ Ալեքսանդրն, ում պատմությունը դարձել է օրինակ, թե ինչպես է լավատեսությունն ու լավագույնի հանդեպ հավատը փրկում կյանքեր նույնիսկ ամենադժվար իրավիճակներում: Մանուկ հասակից նա ամբողջովին կախված է եղել երկաթե պարկուճից, որն, ըստ էության, դարձել է նրա տունը։ Նա դարձել է արհեստական ​​շնչառության սարքի ներսում ամենաերկար ապրած մարդը:
1952 թվականի ամառն ԱՄՆ-ն պատուհասել է անբուժելի հիվանդության համաճարակ, որից հիմնականում տուժել են երեխաները։ Վիրուսն առաջացրել է թուլություն, այնուհետև ամբողջովին կաթվածահար է արել մարմինը. անձը չի կարողացել ինքնուրույն շնչել։ Այդ տարի հանրապետությունում գրանցվել է հիվանդների առավելագույն թիվ՝ 57 հազար։

Վեցամյա Փոլ Ալեքսանդրը ևս հիվանդացել է, և նրա մոտ պոլիոմիելիտ է ախտորոշվել։
Հիվանդանոցները լեփ-լեցուն են եղել, այդ պատճառով տղային ուղարկել են տուն` ապաքինվելու։ Սակայն նրա վիճակն օրեցօր վատացել է, և մեկ շաբաթ անց նա գործնականում չի կարողացել շարժվել կամ խոսել։ Այնուհետև երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հանդիմանել են, թե ինչու երեխային շուտ չեն բերել և ասել, որ արդեն նրան փրկել հնարավոր չէ: Հիվանդանոցի բժիշկներից մեկը, սակայն, որոշել է փրկել երեխային, արդյունքում նրա շնչառությունը վերակագնվել է, բայց մարմնի շարժողականությունը` ոչ: Նրա մարմինը, ինչպես շատ այլ երեխաներինը, մետաղյա պարկուճի մեջ է դրվել։ Դրսում մնացել է միայն գլուխը։

Փոլը հիվանդանոցում անցկացրել է մեկուկես տարի՝ ականատես լինելով կյանքի անհարմար պայմաններին, ձանձրույթին և նոր ընկերների մահվանը։ Երկաթե պարկուճը նրա համար դարձել է նոր տուն և ապրելու հնարավորություն՝ փոխարինելով թոքերին։ Բժիշկները հույս չեն տվել, որ նա կապրի, սակայն հենց դա է խթան դարձել նրա նոր նպատակի համար՝ անկախ ամեն ինչից` լուսավոր կյանքով ապրել։ Երբ նրան դուրս են գրել պարկուճի մեջ ապրելու տանը, հրավիրված ֆիզիոթերապևտը նրան սովորեցրել է լեզվով օդը «կուլ տալու» մեթոդով մի քանի րոպե մնալ պարկուճից դուրս:

Փոլը վերապրել է ծնողների և ավագ եղբոր մահը։ Բայց կյանքի վերջում նա գործնականում դադարել է լքել պարկուճը։

2024 թվականի մարտի 12-ին GoFundMe նվիրատվության պորտալում նրա էջում հայտնվել է հաղորդագրություն, որ Ալեքսանդրը մահացել է մարտի 11-ին։ Նրա եղբայր Ֆիլիպը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր գումար են նվիրաբերել` օգնելու համար. «Դա թույլ է տվել նրան ապրել վերջին մի քանի տարին առանց սթրեսի: Բացարձակապես անհավանական է կարդալ մեկնաբանությունները և իմանալ, որ այդքան շատ մարդ ոգեշնչվել է Փոլով»,- գրել է նա։

Պոլիոմիելիտը պաշտոնապես հայտարարվել է վերացված հիվանդություն 1988 թվականին։ Ըստ ԱՀԿ-ի, դրա բազմաթիվ շտամներ երկար տարիներ չեն հայտնաբերվել պատվաստումների շնորհիվ. օրինակ՝ 1999 թվականից ի վեր վայրի պոլիոմիելիտի 2-րդ տիպի հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Այնուամենայնիվ, դեռ կան երկրներ, որտեղ ամեն տարի պոլիոմելիտի դեպքեր և նույնիսկ փոքր բռնկումներ են տեղի ունենում, օրինակ՝ Աֆղանստանը և Պակիստանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր