Ռուսաստանում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների ավելի քան 87 տոկոսը: Արտասահմանյան լրատվամիջոցները աղետ են կանխատեսում Ուկրաինայում: «Պուտինի հաղթանակի և ԱՄՆ-ում Թրամփի՝ հնարավոր իշխանության գալու ֆոնին Եվրոպան պետք է փոխի իր մտածելակերպը»,- գրում է Bloomberg-ը: Wall Street Journal-ը հարց է ուղղում. «Պուտինի իշխանության ևս վեց տարիները էլ ի՞նչ կարող են բերել Ռուսաստանին և աշխարհին»: Բրիտանական Guardian թերթն ուշադրություն է հրավիրել քվեարկությունը խափանելու փորձերի վրա. ընտրություններն անցկացվել են ռուսական նավթային օբյեկտների վրա ուկրաինական դրոնների հարձակումների ֆոնին: Ինչպես հաղորդում է CNN-ը, Ուկրաինան ընտրությունների օրը հարձակվել է նույնիսկ այն տարածքների վրա, որոնք իրենն է համարում: Թուրքական Anadolu-ն նշում է, որ քվեարկության ժամանակ զանգվածային կիբերհարձակումներ են տեղի ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա։ «1999 թվականին իշխանության եկած Պուտինը պատրաստվում է նոր վեցամյա ժամկետի, որը թույլ կտա նրան դառնալ Ռուսաստանի առաջնորդը, որն իր նախորդներից ամենից շատն է մնացել իշխանության՝ վերջին ավելի քան 200 տարվա ընթացքում»,- գրում է Reuters-ը: |