ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մենք պատրաստ ենք նման լուծումների»․ Փաշինյան
13:36, 26.03.2024 | mamul.am
5597 | 0

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին։ «Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սև ծովի, մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետև Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է:

Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար և մենք պատրաստ ենք նաև սրան»,- մասնավորապես ասել է Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր