Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամում հարված հասցնել Իսրայելին, գրում է Voxnews-ը։ Նշվում է, որ կկիրառվեն հարյուրավոր անօդաչուներ և հրթիռներ։ Իսրայելական օդուժն արդեն բերվել է մարտական պատրաստության վիճակի։ Israel Hayom թերթի լրագրող Յայիր Ալթմանը գրում է․ «ԿՀՎ բարձրաստիճան աշխատակիցներն Իսրայելին հայտնել են, որ Իրանն առաջիկա 48 ժամվա ընթացքում կհարձակվի Իսրայելի վրա։ Խոսվում է անօդաչուների և թևավոր հրթիռների համակցված հարձակման մասին, որոնք անմիջապես Իրանից արձակվելու են ռազմավարական նշանակության օբյեկտների ուղղությամբ»։ Իսրայելի պաշտպանության բանակը որոշել է ավելացնել անձնակազմի թիվը։ Այս մասին ապրիլի 3-ի երեկոյան հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի սպանության համար Իսրայելից վրեժ լուծելու Իրանի սպառնալիքներից հետո ՑԱՀԱԼ-ը բարձրացրել է զգոնությունը։ Զինվորականները մտավախություն ունեն, որ իրանցիները կփորձեն հրթիռներով կամ դրոններով հարձակվել Իսրայելի վրա Իրաքում, Եմենում, Սիրիայում և Լիբանանում։ |