ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը
14:48, 09.04.2024 | mamul.am
5698 | 0

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի ավագ, պայմանագրային զինծառայող Վ.Գ-ն և ջոկի հրամանատար Ն.Մ-ն, Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերում ընդգրկված լինելով զորամասի պահպանության հերթապահությանը, խախտել են մարտական հերթապահություն կրելու կանոնները, չեն դիմակայել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից իրականացված հարձակմանը:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, առանց ավագ պետի թույլտվության, ենթակա անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը: Վ.Գ-ն և Ն.Մ-ն, առանց մարտ վարելու, ենթակա անձնակազմի հետ, չկազմակերպված ձևով լքել են մարտական դիրքերը, ինչը հանգեցրել է մարտական հերթապահության կրման բնականոն ընթացքի խաթարմանը՝ ռազմական գործողությունների ընթացքում մարտական դիրքերը մնացել են առանց պաշտպանության:

Նույն օրը, նշված անձնակազմի փոխարեն, վերոնշյալ դիրքերում մարտական հերթապահության իրականացմանը ներգրավվել են նոր ուժեր. նույն զորամասի այլ ստորաբաժանման զինծառայողները տեղակայվել են մարտական դիրքերում և պաշտպանություն իրականացրել:

Դատախազը 2023 թվականի դեկտեմբեր 20-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Վ.Գ-ի և Ն.Մ-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտի պարագաներում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

Դատախազը 2024 թվականի ապրիլի 8-ին հաստատել է Վ.Գ-ի և Ն.Մ-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր