ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Զինված անձիք կանգնեցրել են մեքենան, առևանգել 36 կգ ոսկյա ձուլակտոր, 293 միլիոն ռուբլի
18:00, 10.04.2024 | mamul.am
6295 | 0

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ առերևույթ զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի հանգամանքները։

2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:
Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։
Նախաքննության շրջանակերում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր