ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է լուրջ բնապահպանական խնդիրների». Եղիշե Կիրակոսյանը` Հաագայում
21:24, 15.04.2024 | mamul.am
1741 | 0

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների:

Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստի ընթացքում այս մասին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Լսումները տեղի են ունեցել Հաագայում՝ Արբիտրաժային մշտական դատարանում:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է. Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի և բնական միջավայրի պահպանության առնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով:

«Մինչդեռ, Ադրբեջանը կարծես հավատարիմ է իր՝ այսպես կոչված «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես գործիք օգտագործելու ցինիկ ռազմավարությանը: Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ, աղտոտելով հողային և ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները: Լեռնային Ղարաբաղի ֆլորան ու ֆաունան նաեւ վտանգված են Ադրբեջանի անդադար քանդման և շինարարական աշխատանքների պատճառով, որոնք նպատակաուղղված են` կանխելու էթնիկ հայերի վերադարձը իրենց հայրենիք:

Հայաստանը հետամուտ է լինելու այս արբիտրաժային վարույթի շրջանակներում իր դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը՝ վիճարկելով Ադրբեջանի անհիմն պնդումները, իսկ վարույթի համապատասխան փուլում ներկայացնելով իր իսկ պահանջները Ադրբեջանի դեմ վերջինիս բնապահպանական պարտավորությունների շարունակական խախտման առնչությամբ»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի ապրիլի 12-ին տեղի է ունեցել Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր