ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Վտանգավոր նախաձեռնություն է». Դավիթ Անանյան
17:00, 16.04.2024 | mamul.am
2581 | 0

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս ԱԺ իշխող խմբակցության անդամներից մեկը, կարծում եմ՝ գիտակցաբար, խորքային առումով վտանգավոր հայտարարություն արեց՝ կապված վարչապետի՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված 1.5 միլիոն մեր հայրենակիցների անունները վերհանելու, նրանց հետ կատարվածի իրական վայրը տեղորոշելու և նրանց հիշատակը «ամբողջ ծավալով» հավերժացնելու մտադրության հետ։
Այս հայտարարությունը (իրականում՝ վարչապետի նման մտադրությունը) համապարփակ վերլուծության կարիք ունի՝ առնվազն պատմական համատեքստում, քաղաքական հետևանքների և բարոյաէթիկական նկատառումների տեսանկյունից։ Մասնավորապես․
1. Պատմական համատեքստ. անառարկելի պատմական փաստ է, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգական իրադարձություններից մեկն է, որի ընթացքում, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է ավելի քան 1.5 միլիոն հայ։ Ցեղասպանության զոհերի հիշատակը հայ ժողովրդի ազգային ինքնության առանցքային տարրն է։ Պատմաբանները նաև Հայոց ցեղասպանության առանձնահատկությունը շեշտելու համար հաճախ այն անվանում են նաև «արմենոցիդ», որը «գենոցիդից» տարբերվում է նրանով, որ ցեղասպանությունն իրագործվել է «եկվորների կողմից՝ բնիկների նկատմամբ»։
2. Քաղաքական ենթատեքստ. խաբեություն և մանիպուլյացիա է, թե Հայոց ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունն ունի ինչպես խորհրդանշական, այնպես էլ գործնական նշանակություն, որը մի կողմից զոհերի հիշատակը հավերժացնելու փորձ է, մյուս կողմից՝ միջազգային մակարդակով ցեղասպանության ճանաչման փաստարկն ամրապնդելու գործիք։ Իրականում առաջադրանքի մասշտաբը, դրամատիկ իրադարձությունների ժամանակային հեռավորությունը (ավելի քան հարյուր տարի), արխիվային փաստաթղթերի հետ աշխատանքի ակնհայտ դժվարությունները վկայում են հիմնախնդրի քաղաքական բովանդակությունը անորոշ ժամկետով, հետևաբար, գործնականում՝ մեկընդմիշտ, դեպի պատմական ուսումնասիրությունների դաշտ տանելու հստակ մտադրության մասին, որը, ըստ էության, հանդիսանում է թուրքական օրակարգ (բազմիցս ենք լսել թուրքական փաստարկը, թե իբր այդ իրողությունները պատմաբանների կողմից պետք է ուսումնասիրվեն):
3․ Բարոյաէթիկական նկատառումներ․ Հայոց ցեղասպանության զոհերի անուններն արձանագրելու վրա աշխատանք ձեռնարկելը ակնհայտորեն նրանց ժառանգների մոտ առաջացնելու է բարոյահոգեբանական խնդիրներ և հույզեր։ Մի կողմից, ստացվում է, որ առաջադեմ մարդկության կողմից որպես անառարկելի փաստ ընդունված ոճիրը կոնկրետ անձի, ընտանիքի և տոհմի պարագայում «ապացուցողական» իրավական ու բարոյական պարտավորություն է առաջացնելու, մյուս կողմից, «ապացուցողական» աշխատանքի ողջ ընթացքը ուղեկցվելու է քաղաքական խաղերի կամ շահարկումների անկառավարելի մթնոլորտով։
Ամփոփելով, հստակ է, որ Հայոց ցեղասպանության զոհերի անունները հավաքելու նախաձեռնությունը բարդ, անիրագործելի և պատմական ու քաղաքական առումով վտանգավոր նախաձեռնություն է, որը հայ ժողովրդի և ողջ համաշխարհային հանրության համար ոչ միայն որևէ նշանակություն չունի, այլև կործանարար է մարդկության դեմ գործած հանցանքների դատապարտման միջազգայնորեն ընդունված չափանիշների ու գաղափարական հենասյուների համար»։

Աղբյուրը` Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր