ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ
13:18, 16.04.2024 | mamul.am
2313 | 0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 125.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Մասնավորապես՝ 2022թ. դեկտեմբերին Վ. Մ-ն, տեղեկանալով, որ բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Ա. Մ-ն հնարավորություն ունի ձեռք բերել զորակոչի ենթակա անձանց ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար հիմք հանդիսացող «Արախնոիդալ կիստա» ախտորոշմամբ բժշկական եզրակացություններ, 5 տարբեր զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու նպատակով նրան առաջարկել է գումարի դիմաց ձեռք բերել և իրեն տրամադրել հիշյալ կեղծ եզրակացությունները:

Ա. Մ-ն, իր հերթին, համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթ՝ վերը նշված ախտորոշումն ունեցող Է. Հ-ի հետ, որպեսզի վերջինս Վ. Մ-ի մատնանշած զորակոչիկների փոխարեն խաբեությամբ տարբեր բժշկական հաստատություններում հետազոտություններ անցնի՝ խոստանալով յուրաքանչյուր հետազոտության դիմաց տրամադրել 20.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Է. Հ-ն զորակոչիկների փոխարեն Երևանի տարբեր բժշկական կենտրոններում 2023 թվականի հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում հետազոտություններ է անցել՝ այդ ընթացքում ներկայացնելով վերը նշված զորակոչիկների անձը հաստատող փաստաթղթերը: Արդյունքում՝ կազմվել են զորակոչիկների տվյալներով կեղծ հետազոտման եզրակացություններ, որոնք Ա. Մ-ն տրամադրել է Վ. Մ-ին: Վերջինս էլ դրանց հիման վրա վերը նշված 5 զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու հիմքեր ստեղծելու համար յուրաքանչյուր դեպքում պահանջել և ստացել է 25.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 2000-3500 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Մ-ին: Ընդհանուր առմամբ Վ. Մ-ն զորակոչիկների օգտին ապօրինի գործողությունները կատարելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 125.000 ԱՄՆ դոլար:

Վ. Մ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ նրան օժանդակած Ա. Մ-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (5 դրվագ), 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Վ. Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր