«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Նիկոլ Փաշինյանը վերածել է մի քանի գյուղի սահմանազատման անհասկանալի գործընթացի՝ մոռանալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջնային կարևորությունը։ Առանց հայ-ադրբեջանական բոլոր հարցերը կարգավորող ամբողջական պայմանագրի առկայության՝ իշխանությունները շարունակում են հատվածական հարցերի քննարկումները, որոնք հանգեցնում են բացառապես միակողմանի զիջումների։ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման։ Ցանկացած զիջում միայն մեծացնում է Ադրբեջանի հակահայկական նկրտումները, և որևէ հատվածական գործընթաց չի կանգնեցնում և չի կանգնեցնելու Ադրբեջանի հակաօրինական պահանջներն ուղղված Հայաստանին»։ |