Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում կայացած ընդլայնված հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ Դուք ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն»,-ասել է Շոլցը՝ նշելով, որ տեղեկություն է ստացել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու մասին: Նա դրական է գնահատել տեղեկությունը՝ հույս հայտնելով, որ այս տարի խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ |