Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում կայանալիք հանդիպման մասին։ «Ալիևը հայտնել է, որ ղազախական կողմի առաջարկով Ալմաթիում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ շարունակելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։ Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաստատել է հանդիպման մասին լուրը: Հիշեցնենք, որ Ղազախստանը՝ որպես խաղաղ բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկով հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ապրիլի 15-ին Երևան կատարած այցի ժամանակ։ |