«Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն, սահմանազատման այդ 11 կետերի` այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը: Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք: Հիմա, ճիշտն ասած, ես չեմ ուզում շատ աշխատանքային ինֆորմացիա բացել, այդ թվում՝ սեփականության վկայագրերը, այդ թվում՝ մնացած այլ փաստաթղթեր, որոնց մի մասը գաղտնիության և հույժ գաղտնիության, նույնիսկ հատուկ կարևորության գրիֆի ներքո են, ուսումնասիրում ենք և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր բնակիչների շահերը պահպանենք, պաշտպանենք, նրանց լսենք, նրանց ասածը փորձենք իրագործել, իրականացնել: Բայց ես կրկին ուզում եմ մի հանգամանքի վրա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որի մասին խոսեցի, կարծես, առաջին հարցին ի պատասխան: Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չաննյութականացնի Հայաստանի պետական սահմանը: Այո, իհարկե, Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ սահմանը: Եվ կրկնում եմ, որ Կիրանցում տեղի կունենա հետևյալը՝ այն հատվածները, որոնք վիճարկման ենթակա չեն, այդ թվում՝ Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից, մենք այդ հատվածում կսկսենք սահմանազատման աշխատանքները, իսկ այն 3, 4 կետերը, որոնց հետ կապված բանավեճ կա, այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք՝ մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն` որպես ճշմարտություն»,- հայտարարեց նա: |