ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Այդպիսի բան ասելու համար, այն էլ` վարչապետի կարգավիճակում, պետք է ունենալ ապացույց». Հակոբ Բադալյան
00:36, 08.05.2024 | mamul.am
5078 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրության պատմությունը, ասում է, որ գաղտնալսումն օգտագործել են նրան «ձեռնածու» դարձնելու համար:
Միանգամայն տրամաբանական է, որ կարող է լինել և այդպես:
Բայց, չէ՞ որ գաղտնալսվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գուցե համոզված է, որ ինքը որևէ անգամ թույլ չի տվել խոսակցություն, որը կարող է իր դեմ լինել այնպիսի կոմպրոմատ, որը իրեն էլ կդարձնի «ձեռնածու»:
Գուցե: Բայց, նա ի՞նչ գիտե՝ Վանեցյանը թույլ տվե՞լ է այդպիսի բովանդակություն, թե՞ ոչ: Դա իմանալու համար Փաշինյանը պետք է տիրապետեր Վանեցյանի խոսակցությունների գաղտնալսմանը: Մինչդեռ, ասուլիսում նա հնչեցնում է այդ «փաստարկը» այն ակնարկով, որ Վանեցյանին գաղտնալսողը և հետևաբար կոմպրոմատով նրան կառավարողը կարող է լինել Ռուսաստանը:
Բայց, չէ՞ որ այդպիսի բան ասելու համար՝ այն էլ վարչապետի կարգավիճակում, պետք է ունենալ ապացույց: Փաշինյանն ունի՞ ապացույց: Որտեղի՞ց, ռուսները ձայնագրել են Վանեցյանին և Փաշինյանին էլ տրամադրել են պատճե՞ն:
Թե՞ այդուհանդերձ, Փաշինյանը բարձրաձայնում է իր ձեռքին եղածի մասին և այդ կերպ ինքն է զգուշացնում Վանեցյանին, իսկ ռուսների մասով ակնարկը պարզապես քարոզչական հավելյալ նկատառում է:
Բոլոր դեպքերում, կարծում եմ` սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում կոնկրետ առիթով, բայց կարծում եմ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված:
Մյուս կողմից, եթե իհարկե գնահատականս սխալ չէ, այդ ամենը կապահովի տեսարաններ, բայց ամենևին չի լինի որևէ արդյունք ձևավորող միակ, և գուցե նույնիսկ առանցքային գործոն: Ծավալվող գործընթացում որևէ արդյունք ձևավորող գործոնները շատ ավելին են, և բազմազան»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր