ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները: Հավաքների ազատության իրավունքն ու դրա պատշաճ իրացումը ժողովրդավարական պետության կայացման անհրաժեշտ նախապայմաններից են: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին, իսկ խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելը պետության պարտավորությունն է: Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Դա վերաբերում է, այդ թվում` հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։ Խիստ կարևոր է, որպեսզի երեխաների՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և այլ իրավունքների իրացման ընթացքում պետական իրավասու մարմինները, հավաքների կազմակերպիչները, մասնակիցները, զանգվածային լրատվության միջոցները և այլ դերակատարները առանցքային դիտարկեն երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը: Պաշտպանն ընդգծում է նաև, որ անթույլատրելի է ինչպես հավաքներին մասնակցությունը խոչընդոտելը, այնպես էլ հավաքներին մասնակցելուն հարկադրելը։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100: |