ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ո՞րն է լուծումը»․ Գարիկ Քեռյան
20:18, 17.05.2024 | mamul.am
2559 | 0

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալմա Աթայի հռչակագիրը բավականին երկար ժամանակ ջրի երես էր բարձրացվել որպես հայ-ադրբեջանական սահմանային խնդիրների լուծման բանալի: Այդ հռչակագիրն ունի մի դրական կողմ, փաստում է միութենական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը: Սակայն նրա կիրառումը սահմանային խնդիրների լուծման գործընթացում անարդյունավետ է, որովհետև տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանագծման/սահմանազատման կոնկրետ գործընթացը չեն կարող ամբողջությամբ համապատասխանել միմյանց: Անորոշության և տագնապի երկարատև ժամանակից հետո մի պահ հանգիստ շունչ քաշեցի, երբ հանրությանը տեղեկացվեց, որ սահմանների ճշտման հիմքը 1976թ. քարտեզներն են: Սակայն երեկ կարմիր Հ1-ով դիտեցի քարտեզագիր Ռոբերտ Գալչյանի հետ հաղորդումը և նորից անորոշություն և տագնապ: «Ոչ մի սանտիմետր», «ոչ մի միլիմետր» խոսույթը զրոյանում է, երբ տեսնում ես, թե ինչպես է դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին մի քանի տեղ հատում Ադրբեջանի տարածքը: Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող, տնտեսության կենսագործունեության միակ զարկերակը հայտնվում է հակամարտող պետության տարածքում: Ստացվեց, որ «բոլոր ճանապարհները պետք է լինեն սուվերեն իշխանության տակ» նարատիվը շատ ավելի համապատասխանեց Ադրբեջանի շահերին: Այդ «հերոսացման» անմիջական արդյունքը Գորիս-Կապան շատ հարմարավետ ճանապարհի կորուստն էր և դրա հետ կապված նոր ճանապարհի շինարարության հսկայական ծախսերը: Այդ նույն սցենարը կրկնվում նաև դեպի Վրաստան ճանապարհի ճակատագրի հարցում: Որն է լուծումը: Կամ իշխանությունները ստիպված ժամանակ են խնդրելու նոր ճանապարհային հատվածներ կառուցելու համար, կամ էլ ստիպված ենք լինելու որպես հիմնական կապուղի օգտագործել Շիրակից Բավրայի անցակետով դեպի Վրաստան տանող ճանապարհը: Այս խիստ կենսական հարցը թողած եթերը լցրել են մի քանի տան հետ կապված քննարկումներով: Անհրաժեշտ է, որ պատկան մարմինները անմիջապես պարզաբանումներ տան գազատարի անվտանգության և նորմալ գործունեության երաշխիքների մասին: Առայժմ հանրությունը այս պարզաբանումների կարիքն ունի, սահմանային լուծումների գործում ձեռք բերված «հաղթանակների» թմբկահարումները, դեռ ոգևորություն չեն առաջացնում»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր