ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Ի՞նչ են քննարկել Սրբազանն ու քաղաքական ուժերը. «Հրապարակ»
09:18, 21.05.2024 | mamul.am
2518 | 0

«Հրապարակ»-ը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին լայն, բայց փակ հանդիպում էր կազմակերպել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որը կարելի է իր բնույթով ռեկորդային իրադարձություն համարել, քանի որ սրբազանին հաջողվել էր մի հարկի տակ հավաքել պառակտված հայաստանյան ներքաղաքական ներկապնակի ավելի քան 50 տարբեր կալիբրի կուսակցությունների առաջնորդների եւ ներկայացուցիչների, որոնց հետ մի քանի ժամ քննարկել են շարժման հետագա ընթացքը, իշխանափոխության տարբեր սցենարներ։
Հանդիպումից հետո մասնակիցները երկակի զգացողություններ ունեն, ոմանք մասնավոր զրույցում պատմում էին, թե ձանձրալի և ոչ այնքան առարկայական հանդիպում է տեղի ունեցել, քանի որ սրբազանը չի մանրամասնել անելիքները՝ պլան Ա-ից հետո ինչպիսին է լինելու պլան Բ-ն կամ Գ-ն։ Իսկ ոմանք էլ, հակառակը՝ բավականին տպավորված են նրա ինքնավստահությունից և կարծում են, որ միտումնավոր չի գաղտնազերծել հետագա անելիքները, քանի որ դեռևս հայտնի չէ՝ արդյոք ներկաներից բոլո՞րն են վստահելի և արդյո՞ք ներդրված չեն իշխանությունների կողմից։ Հանդիպման սկզբում սրբազանը ցանկություն է հայտնել լսել բոլորի պատկերացումները շարժման հետագա ընթացքի վերաբերյալ, սակայն կեսից քննարկումն այլ հուն է մտել: ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով գրեթե մշտապես ուղեկցում է սրբազանին, առաջարկել է քննարկել վարչապետի թեկնածուի հարցը, թե ում են պատկերացնում քաղաքական ուժերը, և ըստ այդմ` քննարկել բոլոր ճանապարհները։ Մեզ ասացին, որ այս հարցում կոնսենսուս է ձևավորվել, գրեթե բոլորն անառարկելիորեն պնդել են սրբազանի թեկնածությունը, նաև Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունը կողմ է արտահայտվել սրբազանի թեկնածությանը։ Ներկաները հետաքրքրվել են՝ արդյոք խորհրդարանը կփոխի՞ Սահմանադրության նորմը, որով կվերանա երկքաղաքացի սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու արգելքը։ Շարժման առաջնորդն ասել է, որ ամեն բան կախված է լինելու ժողովրդական ճնշումից, այդ թվում՝ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Առաջարկներ են հնչել խորհրդարանական ընդդիմությանը` մանդատները վայր դնելու մասին, սակայն հասկացել են, որ խորհրդարանում է հանգուցալուծումը լինելու, ուստի այս պահին սխալ է մանդատները վայր դնելը, մանավանդ` վայր դնելուց հետո արտահերթ ընտրություն նշանակելը պարտադիր չէ: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն իրավաբանորեն հիմնավորել է դա՝ ապացուցելով այս պահին մանդատները վայր դնելու ոչ նպատակահարմարությունը։
Առաջարկ է հնչել՝ եթե կա կոնսենսուս վարչապետի թեկնածուի շուրջ, ուրեմն կարելի է միասնական հայտարարության տեքստ քննարկել, սակայն Բագրատ սրբազանն ասել է, որ դրա ժամանակը չէ, ինքը դեռևս չի զրուցել Վեհափառի հետ իր` վարչապետի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ, ուստի մինչ այդ զրույցը չի կարելի Վեհափառին հայտարարությամբ անակնկալի բերել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր