ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Հավանական է, որ Իրանը «սեղմի ատամներն» ու ձեռնպահ մնա». Հակոբ Բադալյան
02:18, 22.05.2024 | mamul.am
3026 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինչ ու ինչպես էլ պատահի՝ ողբերգական ելքով, թե ոչ, միեւնույն է լայն դիտարկումներում գերակշռելու են «ոչ պատահականության» վարկածները:
Դա, անկասկած է, օբյեկտիվորեն բխում է նրանց կարգավիճակից, նրանց պահպանությանն ու անվտանգությանը հատկացվող ահռելի ռեսուրսների հանգամանքից, որոնք քաղաքացիների մոտ առաջացնում են մտայնություն, որ այդ մարդիկ հուսալիորեն պաշտպանված են, հետեւաբար նրանք կարող են խոցելի լինել միայն առավել մեծ ուժի ազդեցությամբ:
Միաժամանակ, քչերը կհամարեն, որ բնության տարերքը, կամ օրինակ արտակարգ իրավիճակում մարդկային մի ակնթարթային սխալը կարող են լինել այդպիսի ճակատագրական ուժ:
Միով բանիվ, որեւէ պետության ղեկավարի մահվան դեպքում, կամ նույնիսկ ծանր վիրավորվելու, կամ նույնիսկ քերծվածք ստանալու, գերակշռելու է «կազմակերպված» լինելու ընկալումը: Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է դե ֆակտո համաշխարհային պատերազմ հիշեցնող խառնակ ժամանակաշրջանին:
Միեւնույն ժամանակ, որքան վստահ չեք բուն պատճառի հարցում՝ օբյեկտիվորեն, այդպես էլ երբեք վստահ չլինեք պաշտոնական հետաքննության եւ վարկածների հարցում:
Օրինակ, եթե Իրանը չհայտարարի, որ տեղի ունեցածը սպանություն էր, դա դեռ բոլորովին չի նշանակի, որ սպանություն չէր: Կրկնեմ, տեսականում, Իրանը կարող է պարզել, որ տեղի է ունեցել միջամտություն, դիտավորություն եւ այլն, բայց նպատակահարմար չգտնել դրա մասին բարձրաձայնելը: Այն պարզ պատճառով, որ այդ դեպքում ենթադրվելու է համարժեք վարքագիծ, պատասխան գործողություն եւ այլն:
Մինչդեռ, Իսրայելն է արել, Ինդոնեզիան, թե Ֆիլիպինները, կամ եղանակը, անորոշ է, բայց մի բան չափազանց նկատելի է՝ Իրանին ռեգիոնալ մեծ կոնֆլիկտի, բաց պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի վարչակազմի ձգտումը:
Հետեւաբար, եթե ողբերգական պատահարը այդ շարքից է, ապա բոլորովին անհավանական չէ, որ Իրանը պարզելով դա, այդուհանդերձ ելնելով պետական ռազմավարական անհրաժեշտություններից, «սեղմի ատամներն» ու ձեռնպահ մնա դա հանրայնացնելուց: Որովհետեւ այստեղ խոսքը որեւէ բարձրաստիճան զինվորականի մասին չէ, այլ երկրի նախագահի, եւ հայտարարել, որ այլ երկիր նրան սպանել է, դա նշանակում է արձանագրել՝ որ այդ երկիրը քեզ հայտարարել է պատերազմ: Հետեւաբար, դրանից հետո պետք է մտնես պատերազմի մեջ: Մինչդեռ Իրանը բոլորովին պարզունակ պետականություն չէ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր