ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Ամերիկացի զինվորականները ևս լքում են Նիգերը
21:36, 08.06.2024 | mamul.am
2749 | 0

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից։ Այս մասին հայտարարել է հանրապետության ցամաքային զորքերի շտաբի պետ, գնդապետ Մամանե Սանի Կիաուն։
«Միացյալ Նահանգները պաշտոնապես սկսել է դուրս բերել իր զորքերը Նիգերից,- մեջբերում է նրա խոսքերը Afrique Média հեռուստաալիքը,- մեր երկրից արդեն մեկնել է 269 զինվորական և 946 տոննա զինտեխնիկա»:

Ամերիկյան կոնտինգենտի դուրսբերման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա մայիսի կեսերին Նիգերի պաշտպանության նախարարության պատվիրակությունների և ԱՄՆ-ի գլխավորած պատվիրակությունների միջև: Կոնտինգենտը պետք է լքի երկիրը մինչև այս տարվա սեպտեմբերի 15-ը։
Նախքան անցյալ տարվա հեղաշրջումը, որի արդյունքում տապալվեց Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումը, ամերիկյան զորքերը մարզում և հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության զորքերի համար: Սակայն մարտին Նիգերը խզեց ԱՄՆ-ի հետ ռազմական պայմանագիրը, ըստ որի` աֆրիկյան երկրի հյուսիսում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի բազա էր հիմնվել։ Հանրապետության նոր իշխանությունները պնդում էին, որ համաձայնագիրը պարտադրված է և չի համապատասխանում ժողովրդի շահերին։

2023 թվականի դեկտեմբերին ֆրանսիական ռազմական կոնտինգենտը լքեց Նիգերը։ Այն տասը տարի եղել է Նիգերում, նրա խնդիրն էր` պայքարել ահաբեկչական իսլամիստական ​​խմբավորումների դեմ Սահելում։ Անցյալ ամառ Նիգերում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Նիամիի և Փարիզի հարաբերությունները վատթարացան։ Ֆրանսիայի դեսպանը հայտարարվեց պերսոնա նոն գրատա և սեպտեմբերի 27-ին լքեց Նիգերը՝ ռազմական իշխանությունների այս որոշմանը շաբաթներ շարունակ դիմակայելուց հետո։ Զինվորականները նաև պահանջել են, որ ֆրանսիական զորախումբը լքի երկիրը։ Ֆրանսիական զորքերի դուրսբերումն սկսվել է հոկտեմբերին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր