Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում հանրային մեղադրողները շարունակեցին հրապարակել մեղադրանքը, ինչի առնչությամբ պաշտպան Մարգար Սողոմոնյանը, թեև այս փուլում չցանկացավ դետալներին անդրադառնալ, արձանագրեց, որ այս մեղադրանքն աբսուրդ է, այն որևէ իրավական և փաստական հիմք չունի։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ արձանագրեց, որ Աշոտյանին երեք մեղադրանք է ներկայացվել, որոնցից որևէ մեկը հիմնավոր չէ։ Դատական նիստում հայտարարությամբ հանդես եկավ նաև Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ բազմիցս նշվել է, որ քաղաքացի Կարեն Հակոբյանի գաղտնալսումները և արտաքին-ներքին դիտումները հիմք են հանդիսանում իրեն մեկ տարի տևող ազատազրկման, այսպես ասած, հիմնավորում տալու համար։ Աշոտյանը հայտնեց, որ Կարեն Հակոբյանին արտաքին և ներքին դիտում են արել երկու ամսով՝ երեք անգամ, ըստ այդմ, միջնորդել էին, որ ամբողջ նյութերը տրամադրվեն իրենց, քանի որ դրանից՝ կոնտեքստից կտրված նյութերը դրվել են կալանքի հիմքում, մինչդեռ, դրանցում կարող էին լինել նյութեր, որոնք կարող են խոսել հակառակի մասին։ Դատարանը որոշումը բավարարել էր՝ նշելով, որ պետք է տրամադրվի բոլոր նյութերը։ «Դուք որոշման մեջ չեք ասել 6 ամիս, ասել եք՝ ամբողջական։ Եթե սկավառակի վրա մեկ ամիս է, ապա հինգ ամիսն ուր է, ինչու չեն տվել, ինչ է այդ նյութերում, որ չեն տվել»,- ասաց Աշոտյանը։ Դատարանը որոշեց Աշոտյանին տրամադրել այն արտաքին և ներքին դիտման նյութերը, որոնց հիման վրա Աշոտյանն առ այս պահը կալանքի տակ է գտնվում։ Դատական նիստը հետաձգվեց։ Դատական հաջորդ նիստին կհարցաքննվեն վկաները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |