Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը խոստացել է զենք չվաճառել Ռուսաստանին։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Հեռախոսազրույց եմ ունեցել Չինաստանի ղեկավարի հետ։ Նա ինձ խոստացել է, որ ոչ մի զենք չի վաճառի Ռուսաստանին...Եթե նա այն մարդն է, ում կարելի է հարգել, ապա նա դա չի անի, նա խոսք է տվել»,- Liga-ն մեջբերում է Զելենսկու խոսքը։ 2023 թվականի փետրվարի վերջին The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն արևմտյան պաշտոնյաների խոսքը, գրել է, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստան հրետանի և անօդաչուներ մատակարարելու հնարավորությունը։ |