ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»․ ՀՀ ԱԳՆ
11:30, 21.06.2024 | mamul.am
2761 | 0

ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ

Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր