Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Պաղեստին պետությունը ճանաչելու համար, գրում է WAFA գործակալությունը։ «Ձեր իմաստուն որոշումը, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի բանաձևերին և միջազգային լեգիտիմության սկզբունքին, ևս մեկ քայլ է պաղեստինցի ժողովրդի իրավունքների ճանաչման ուղղությամբ։ Այդ իրավունքների հիմքում են 1967թ․ սահմաններում սեփական հողերի տնօրինումը, իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը, ինքնորոշումն ու անկախությունը»,- ասել է Աբասը։ Նա հույս է հայտնել, որ այն երկրները, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը, կհետևեն այդ օրինակին՝ Պաղեստինի և տարածաշրջանի երկրների միջև անվտանգության, խաղաղության և համակեցության հասնելու համար: |