ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուսուցչի կողմից աշակերտին սեռական բռնության ենթարկելու գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
20:36, 26.06.2024 | mamul.am
3758 | 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Սյունիքի մարզի գյուղերից մեկի 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող աշակերտի նկատմամբ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի իրականացրած սեռական ոտնձգության գործով։ Վերջինս եղել է նաև համայնքի ղեկավարը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետությունը խախտել է երեխայի՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները և պարտավորեցրել՝ տուժող երեխային վճարել 32 հազ․ եվրո։

2012թ․ փետրվարի 23-ին երեխայի մայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին։

2012թ․ փետրվարի 22-ին տուժող երեխայի դասընկերները վերջինիս հայտնել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը նրան է կանչում։ Դրանից առաջ ևս նմանատիպ մի քանի դեպք է եղել, և երեխայի դասընկերները կասկածել են, որ ուսուցիչը վատ նպատակներ ունի իրենց դասընկերուհու նկատմամբ, ուստի որոշել են հեռախոսով տեսանկարահանել։ Կարծելով, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը երեխային կանչել է, որպեսզի իր հետ սեռական հարաբերություններ ունենա, աշակերտները որոշել են իրականացնել ամբողջ գործընթացը տեսանկարահանելու իրենց ծրագիրը:

Աշակերտներից մեկը դռան արանքից նկատել է, թե ինչպես է ֆիզկուլտուրայի ուսուցիչը համբուրում և սեռական գործողություններ իրականացնում տուժող երեխայի հետ։ Տեսածից սարսափած՝ վազել է մի քանի դասարաններով, այդ թվում՝ տնօրենի աշխատասենյակ, որպեսզի օգնություն խնդրի։ Սակայն տնօրենը տեղում չի եղել, իսկ ուսուցիչներից ոչ ոք չի արձագանքել երեխային։

Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Տուժող երեխայի մայրը հայտնել է, որ համայնքի ղեկավարը, ով «Ֆիզկուլտուրա» առարկա է դասավանդել դպրոցում, հայտնի է եղել իր անպարկեշտ վարքագծով։ Արդեն գործի քննության ընթացքում երեխայի մայրը հայտնել է, որ իրենք ստացել են անանուն հեռախոսային սպառնալիքներ։ Երեխայի նկատմամբ սեռական բռնություն կիրառած ուսուցչի հարազատներից ևս սպառնալիքներ են հնչել, որպեսզի հրաժարվեն բողոքից։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ երեխայի հետ սեռական հարաբերություն են ունեցել։

2012թ. մարտի 6-ին համայնքի ղեկավար և ուսուցիչ Ա․ Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության հոդվածով։ Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել երեխայի հետ նաև համայնքապետարանի շենքում։ Ինչպես նաև սեռական ոտնձգություն է իրականացրել այլ աշակերտների նկատմամբ։ Աշակերտներից մեկը նույնիսկ հղիացել է։

2012թ․ հուլիսին գործն ուղարկվել է մարզային դատարան՝ ըստ էության քննության, որն իրականացվել է դռնփակ։ 2013թ․ փետրվարին ուսուցիչը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները դատավճիռը թողել են օրինական ուժի մեջ։

Երեխայի ծնողները 2014թ․ փետրվարին 60 մլն դրամի ոչ նյութական վնասի հատուցման հայց են ներկայացրել պետության դեմ։

Առաջին ատյանի դատարանը մերժել է հայցը, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պատճառաբանել է, որ Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական վնասի փոխհատուցում, հետևաբար պետք է մերժել։ Վերաքննիչ դատարանի որոշումն ուղարկելուց հետո պարզվել է, որ տուժող երեխայի անունը, հասցեն, ինչպես նաև վնասի հատուցման հայցի շրջանակներում կայացված դատական ​​որոշումները հրապարակվել են Datalex.am կայքում։

Տուժող երեխայի ծնողները դիմել են ՄԻԵԴ՝ նշելով, որ երեխան սեռական բռնության զոհ է դարձել իր ուսուցչի կողմից, ով նաև համայնքի ղեկավարն է, իսկ պետությունը չի կարողացել պաշտպանել նրան այդ չարաշահումից:

ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Դատարանը նշում է, որ երեխան իր տարիքի և հաշմանդամության պատճառով գտնվել է հատկապես խոցելի վիճակում: Հետևաբար, սեռական բռնությունը և բռնությունը, որին նա ենթարկվել է, անկասկած, բավական լուրջ է։ Նշվել է նաև, որ պետություններն ունեն իրենց խնամքի և հսկողության տակ գտնվող երեխաների պաշտպանության ավելի մեծ պարտականություն, հատկապես այն երեխաների նկատմամբ, ովքեր գտնվում են խոցելի իրավիճակում հաշմանդամության պատճառով։

ՄԻԵԴ-ը գտել է, որ պետությունը չի ապահովել արդյունավետ պաշտպանություն դպրոց հաճախող երեխաներին (մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցողներին) սեռական բռնության վտանգի առումով, որը պետք է արտացոլվեր օրենքներով։ Բացի այդ, պատշաճ քայլեր չեն իրականացվել նման չարաշահումների կանխարգելման, հայտնաբերման և հաղորդման, ինչպես նաև երեխաների հետ շփման մեջ աշխատող անձանց ուսուցման նպատակով՝ խախտելով Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածից բխող պարտավորությունները (խոշտանգում կամ վատ վերաբերմունք)։ Հետևաբար արձանագրվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

Ինչ վերաբերում է երեխայի անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտմանը, որը վերաբերում է Datalex.am կայքում հրապարակված տեղեկատվությանը, դատարանը գտնում է, որ երեխայի ինքնության բացահայտումը (ներառյալ նրա լրիվ անունը և հասցեն նշելը)՝ Datalex-ում, որը հանրությանը հասանելի առցանց հարթակ է, նշանակում է միջամտություն՝ իր անձնական կյանքը հարգելու իրավունքին։ Հետևաբար արձանագրվել է նաև Կոնվենցիայով երաշխավորված այդ իրավունքի խախտումը։ Արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է դիմողին վճարել 32 հազ․ եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է վճարվի 3 ամսվա ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր