«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն։ «Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես, ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Այդ ողբերգական դեպքերից արդեն 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, հարուցված են քրեական գործեր, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացրել։ Հաղորդում ներկայացնելու հիմնական նպատակը հետևյալն է․ հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով»,-լրագրողներին հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ |