ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Գյումրիի աղմկահարույց ոճրագործության մասին վերջին նորությունները
16:36, 13.01.2015 | mamul.am
29214 | 14

Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանած Վալերի Պերմյակովը, «ԼայֆՆյուզ»-ի մեկնաբանությամբ, սպանել է իր զոհերին վախից դրդված: Կայքը գրում է, թե Պերմյակովը փախել է զորամասից, այնուհետև ջուր խմելու նպատակով մտել Ավետիսյանների տուն, սակայն երբ տանտերերը նկատել են իրեն, վախեցել է և բոլորին սպանել, որ իրեն չմատնեն: Այս մասին «ԼայֆՆյուզ»-ին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից: Ասվում է նաև, որ 6 ամսական երեխային դանակահարել է, քանի որ փամփուշտները վերջացած են եղել:

Պերմյակովի ծառայակիցներն էլ հայտարարել են, թե նա շատ հանգիստ բնավորության տեր մարդ էր, և չեն կարողանում հավատալ, որ նման ոճրագործություն է իրականացրել: Նշենք, որ Պերմյակովը նախկինում ևս փախուստի է դիմել զորամասից՝ չցանկանալով ծառայել: Իսկ նրա եղբայրն ազատազրկված է կնոջն սպանելու մեղադրանքով:

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ շատ բան չի կարող բացահայտել Պերմյակովի խոստովանության հետ կապված, միայն կարող է մեջբերել նրա խոսքերը, որ Ավետիսյանների տուն մտել է պատահաբար, իսկ սահմանը հատելու ցանկություն չի ունեցել, միայն թաքնվելու նպատակ է ունեցել: Հունանյանը նաև նշել է, որ կասկածյալը կարծես թե հոգեկան խնդիրներ ունի, ինչը զգալի է նաև նրա խոսքից: Նրա կրթական մակարդակը շատ ցածր է, մինչ Հայաստան տեղափոխվելը ծառայել է ռուսական այլ զորամասերում, որտեղ ևս կարգապահական խնդիրներ է ունեցել:

Այս ոճրագործության հետքերով Հայաստան է ժամանել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը: Հունան Պողոսյանը նաև նշել է, որ ռուս պաշտոնյաները նպատակահարմար են գտնում Պերմյակովի գործը հանձնել հայկական կողմին:

Համացանցի ռուսական տիրույթում ևս թեժ քննարկումներ են տիրում, որտեղ օգտատերերը համոզմունք են հայտնում, որ Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, և առաջին հերթին մեղադրում են ՌԴ Պաշտպանության նախարարությանը նման մարդկանց զորակոչելու համար: «Պերմյակովին է պետք կանացի խալաթ հագցնել»,- գրել է ռուս օգտատերերից մեկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր