ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայոց բանակը 20 տարեկան է
09:52, 28.01.2012 | mamul.am
19874 | 0
Հայ ժողովուրդն այսօր նշում է Ազգային բանակի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձը։
Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է պատկերացնել մեկն առանց մյուսի: Ե´վ մեկի, և´ մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988թ. փետրվարը` սկիզբը Ղարաբաղի համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Ասել է թե` հայոց բանակը և՛ հին է, և՛ նոր, և՛ դարերի փորձառությամբ թրծված, և՛ պատանեկան աշխույժով լի: Հայկական բանակն այսօր՝ չնայած իր երիտասարդ տարիքին, համարվում է մարտունակ, ուժեղ և կայացած։ Այս փաստն են արձանագրում ոչ միայն հայ մասնագետները, այլև միջազգային փորձագետները։ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. ''Մեր բանակն այլևս կայացած է, և հիմա արդեն հեշտությամբ են լուծվում բազմաթիվ այնպիսի խնդիրներ, որոնք առաջ վիթխարի դժվարություն էին ներկայացնում: Մեր ժողովուրդն էր, որ կարողացավ այսպիսի բանակ ստեղծել, և փառք Աստծո, որ ունեցավ այդ կամքը, ուժն ու իմաստությունը, և փառք Աստծո, որ հայը տեսակով այդպիսին է: Այսօր մեր բանակի հարաճուն զարգացման հիմքում էլ ժողովրդի աշխատանքն է, ժողովրդի ըմբռնումը, ինչի շնորհիվ անձամբ Նախագահը և պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը կարողանում են պետական միջոցներն ուղղորդել զինված ուժերի հզորացմանը: Վստահեցնում եմ` հայոց բանակը, որ մարտական փառավոր ուղի է անցել, քսան տարի շարունակ պատվով է կատարել իր առաքելությունը պետության և ժողովրդի հանդեպ, ոչ մի վայրկյան չի թուլացնելու զգոնությունը` հուսալիորեն պաշտպանելով հայրենիքի սահմանների անդորրը և ժողովրդի խաղաղությունը բոլոր տեսակի ոտնձգություններից: Մենք չենք գոհանալու եղած ձեռքբերումներով, քանզի միայն անխոնջ աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ կարող ենք կերտել մեր ազգի ու պետության փայլուն ապագան...'':
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր