ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Հայոց ցեղասպանության թանգարանում նոր ցուցադրություն է բացվել
20:20, 21.04.2015 | mamul.am
4176 | 1

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:
Հանրապետության նախագահը շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, ծանոթացել նոր ցուցադրության նյութերին, թանգարանում դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից: Ծավալուն և արդյունավետ աշխատանք է կատարված:
Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին:
Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է և բոլորիս շուրթերին. «Հիշում եմ և պահանջում»,- գրել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ Հանրապետության նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ: Թանգարանի հատուկ հյուրերը ևս հանձնել են իրենց նվերները: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկի՝ Բոդիլ Բյորնի օրագիրը և կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ Մարիա Յակոբսենի դրամապանակը և լուսանկար՝ որբերին խնամելիս:
Նոր ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են սկսած դեռևս 2011 թվականից, երբ մեկնարկել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, Ծիծեռնակաբերդի ճեմուղու, հարակից տարածքի բարեկարգումը և վարչական մասի կառուցումը:
Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութեր: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար: Վերջին մի քանի տարվա ընթացում հնարավոր է դարձել թանգարանի հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով, որոնք հատել են 90 հազարի սահմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր